Հայաստանի առաջնությունը գնալով ավելի է թեժանում։
Այսօր` ապրիլի 15-ին մեկնարկում է Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 27-րդ մրցափուլը։
«Արարատ-Արմենիա» — ԲԿՄԱ
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 16:00
Տուրը կմեկնարկեն «Արարատ-Արմենիան» ու ԲԿՄԱ-ն։
Փոխչեմպիոնը շարունակում է վստահ հաղթանակների շարքը, որով էլ հետապնդում է առաջատար «Ուրարտուին»: Վերջինս նախորդ տուրում «Փյունիկի» հետ խաղում սայթաքեց (0:3) և այդ միավորների կորուստն ավելի շատ օգուտ բերեց հենց «Արարատ-Արմենիային»: Փոխչեմպիոնն այժմ 3 միավորով է զիջում առաջատարին և պարտվելու իրավունք անգամ չունի այս գերլարված պայքարում։
ԲԿՄԱ-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը և միայն հաղթանակի դեպքում հնարավորություն կունենա հեռանալու վերջին հորիզոնականից։
Ի դեպ բանակայիններն այնքան էլ հեշտ մրցակիցներ չեն փոխչեմպիոնի համար։ Առաջնության առաջին մրցափուլում «Արարատ-Արմենիան» մեծ դժվարությամբ է նվազագույն հաշվով առավելության հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, իսկ 2-րդ խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով, ընդ որում բանակայինները սկզբում հաղթողի դերում էին։
«Արարատ» — «Ուրարտու»
«Հանրապետական» մարզադաշտ, 16:00
Ապրիլի 16-ի առաջին խաղը կընթանա «Արարատի» և «Ուրարտուի» միջև։
Արարատցիները վատ էին մեկնարկել գարնանային փուլը, սակայն մարզչական փոփոխություններից հետո, վերջին երկու տուրերում հաղթանակներ են տարել և փորձելու են զարգացնել իրենց հաջողությունը։
«Ուրարտուն» ընդհակառակը, նախորդ տուրում ընդհատեց հաղթական շարքն ու խախտեց դարպասն անառիկ պահելու տևական ցուցանիշը։ Գունկոյի գլխավորած թիմը վստահ առաջ է շարժվում դեպի չեմպիոնություն, սակայն հիմնական մրցակիցներն այժմ ավելի են մոտեցել և պայքարում առաջինը լինելու համար հարկավոր է կրկին հաղթանակի հասնել։
Թիմերի միջև այս մրցաշրջանում կայացած 2 հանդիպումներն էլ ավարտվել են «Ուրարտուի» հաղթանակով, այնպես որ սա «Արարատի» համար նաև ռևանշի հասնելու հիանալի հնարավորություն է։
«Շիրակ» — «Լեռնային Արցախ»
Գյումրու Քաղաքային մարզադաշտ, 20:00
Օրվա հաջորդ խաղում կմրցեն «Շիրակը» և «Լեռնային Արցախը»:
Այս թիմերը մրցաշարային աղյուսակում հաջորդում են միմյանց (7-8), և եթե արցախցիները միավորներով բավականին ետ են, ապա գյումրեցիները հաղթանակի դեպքում կկարողանան միանգամից 2 հորիզոնականով բարելավել իրենց դիրքը։
«Լեռնային Արցախն» առաջնության աշնանային հատվածում ավելի լավ էր հանդես գալիս, սակայն հետագայում սկսեց պարտություններ կրել, որոնք վերջին շրջանում դարձել են անընդմեջ կրկնվող։
«Շիրակը» գավաթային խաղում տոնած փայլուն հաղթանակից հետո ավելի ոգևորված է մոտենում խաղերին, ինչն էլ օգնում է լավ խաղ ցուցադրել և առանց միավորների չհեռանալ։
Թիմերի միջև առաջին խաղում հաղթել է «Լեռնային Արցախն», իսկ 2-րդ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։
«Վան» — «Նոա»
Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ, 16:00
Ապրիլի 17-ին նախ կհանդիպեն «Վանն» ու «Նոան»:
Չարենցավանյան թիմն այնքան էլ աչքի չի ընկնում գարնանային փուլում։ Թիմն անցկացրած 7 խաղից ընդամենը 1-ում է հաղթել, իսկ մյուս 6-ում պարտություն է կրել։ «Վանը» երկար ժամանակ է զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը և միավորներով էլ բավականին առաջ էր իրենից ներքև գտնվող թիմերից։ Սակայն այդքան միավորներ չվաստակելու շնորհիվ թույլ է տվել, որ «Արարատն» ու «Շիրակը» գրեթե հավասարվեն իրեն։ Կրկին խաղադաշտից առանց միավորի հեռանալու դեպքում հնարավոր է չարենցավանցիներն անգամ զիջեն իրենց տեղը։
«Նոան» նոր շնչով է հանդես գալիս առաջնության այս հատվածում։ Ռոբերտ Արզումանյանի տղաներն սկսել են ավելի վստահ ու լավ խաղ ցուցադրել, որի շնորհիվ էլ կարողանում են միավորներ «փախցնել» մրցակիցներից։
Առաջնության առաջին 2 մրցափուլերում այս թիմերը միմյանց հետ խաղերն ավարտել են միևնույն 2:2 հաշվով։
«Փյունիկ» — «Ալաշկերտ»
«Հանրապետական» մարզադաշտ, 19:00
Ինչպես նշել էինք մեր նախորդ անոնսում, ապրիլը լի է լինելու թեժ և կենտրոնական հանդիպումներով, քանի որ յուրաքանչյուր տուրում կան առաջատարներից 2-ի մասնակցությամբ խաղեր։ Այս տուրում մրցելու են չեմպիոն «Փյունիկն» ու «Ալաշկերտը»:
«Փյունիկը» նույնպես շարունակում է անընդմեջ հաղթանակներով հանդես գալ։ «Ալաշկերտը» ևս վատ չի ներկայանում։
Նախորդ տուրում չեմպիոնի հաղթանակն առաջատար «Ուրարտուի» նկատմամբ մեծ լարվածություն մտցրեց չեմպիոնական պայքարում։ Բայց դե սա ֆուտբոլ է և շատ հնարավոր է, որ ընթացիկ տուրում էլ կրքերը փորձի բորբոքել «Ալաշկերտը»: Ճիշտ է վերջինս 10 միավորով զիջում է 3-րդ տեղում ընթացող «Փյունիկին» և ավելի շատ առաջատարին ու 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», բայց չի պատրաստվում անձնատուր լինել և պայքարելու է մինչև վերջ։
Չեմպիոնն էլ իր հերթին փորձելու է պաշտպանել տիտղոսն ու ապացուցել, որ դրա արժանի կրողն է։
Այս մրցաշրջանում թիմերի միջև կայացած 2 խաղում էլ հաղթել է «Փյունիկը», ընդ որում մեկում խոշոր (5:1) հաշվով։
© Armenian Soccer 2023