Armenian Soccer
Armenian Soccer

Յուրաքանչյուր խաղ ասես եզրափակիչ լինի. Մեկնարկում է ՀՊԼ-ի 29-րդ տուրը

Հայաստանի 31-րդ առաջնությունը հետաքրքիր ընթացք ունեցավ, այժմ էլ հասել է ամենաթեժ հատվածին։

Հաշվի առնելով հատկապես վերջին տուրերի հանդիպումներն ու դրանց ելքերը, ինչպես նաև մրցաշարային աղյուսակի վերնամասում թիմերի խիտ դասավորությունը, կարելի է փաստել, որ այսուհետև մինչև վերջին տուրը յուրաքանչյուր խաղ լինելու է ինչպես եզրափակիչը։

Ապրիլի 25-ին մեկնարկում է ՀՊԼ-ի 29-րդ մրցափուլը։ Տուրի առաջին խաղում կմրցեն «Լեռնային Արցախն» ու «Նոան»:

«Լեռնային Արցախը» գարնանային փուլը շատ վատ էր մեկնարկել, իսկ երբ նշվեց, որ թիմն ազգային արտոնագիր չի ստացել և չի կարողանալու մասնակցել պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանին, դրանից հետո էլ ավելի վատացրեց իր խաղն ու վիճակը։ Թիմը վերջին անընդմեջ մի քանի խաղում ոչ միայն պարտվել է, այլ նաև գոլ չի խփել։

Փոխարենը «Նոան» առաջնության այս հատվածում բավականին լավ է ներկայանում և ամեն ինչ անում է դիրքերը բարելավելու համար։

Հանդիպումը կկայանա Վայքի «Արևիկ» մարզադաշտում և կմեկնարկի 16:00-ին։

Ապրիլի 26-ին նախ կհանդիպեն ԲԿՄԱ-ն ու «Վանը»:

«Վանն» ամեն գնով փորձում է պահպանել 5-րդ տեղն, իսկ բանակայինների նպատակը վերջին հորիզոնականից հեռանալն է։

Այս թիմերի միջև նախորդ 3 խաղաշրջանի հանդիպումներում բալանսավորված արդյունքներ են գրանցվել ` մեկական անգամ հաղթել է թիմերից յուրաքանչյուրը, մեկ անգամ էլ գրանցել է ոչ-ոքի։

Խաղը տեղի է ունենալու ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և սկսվելու է 17:00-ին։

Նույն օրն իրար հետ ուժերը կչափեն «Արարատն» ու «Ալաշկերտը»:

«Արարատն» իր հերթին ցանկանում է բարձրանալ մրցաշարային աղյուսակում և ինչու չէ տիրել 5-րդ տեղին։ Փոխարենն «Ալաշկերտը» վաղուց զբաղեցրել է 4-րդ տեղն ու դժվար թե այնտեղից հեռանա։

Այս մրցաշրջանում թիմերի միջև կայացած 3 խաղից 2-ում հաղթել են ալաշկերտցիները, մեկ անգամ էլ բախտը ժպտացել է «Արարատին»:

Խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20:00-ին։

Ապրիլի 27-ին, ժամը 17:00-ին «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Շիրակին»:Առաջատարն արդեն երեք խաղ անընդմեջ կարևոր միավորներ է կորցնում, ուստի ամեն գնով փորձելու է հաղթանակի հասնել։

«Շիրակն» իր հերթին լավ մարզավիճակում է գտնվում և եթե հաշվի առնենք նաև գավաթային հանդիպումն, ապա արդեն 5 խաղ անընդմեջ չի պարտվում։

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի եզրափակչում եւս հանդիպելու են հենց այս թիմերը։

Ընթացիկ առաջնության նախորդ երեք խաղերում հաղթել է «Ուրարտուն», չնայած որ վերջին մրցավեճում «Շիրակն» առաջ էր հաշվի մեջ ու շատ մոտ էր հաղթանակին։

Օրվա վերջին ու տուրի կենտրոնական հանդիպումը կընթանա չեմպիոն «Փյունիկի» և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» միջև։

Հանդիպումը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին։

Թիմերը մեկ միավորի տարբերությամբ հաջորդում են իրար մրցաշարային աղյուսակի վերնամասում և յուրաքանչյուրն իր հերթին փորձելու է խաղադաշտից հեռանալ առավելագույն միավորներով։ Չեմպիոնական այս թեժ պայքարում յուրաքանչյուր սայթաքում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, ուստի կատաղի պայքարի ենք ականատես լինելու։

© Armenian Soccer 2023