Տրանսֆերային ակտիվ շրջանում փոփոխություններ են տեղի ունենում նաև Չարենցավանը ներկայացնող «Վանի» կազմում։ Վերջինս ՀՊԼ-ի միակ թիմն է, որը պաշտոնապես որևէ տեղեկություն չի տրամադրել ակումբից հեռացած կամ ակումբին միացած ֆուտբոլիստների մասին։
Ի տարբերություն ակումբի, թիմի խաղացողները, լրագրողներն ու Transfermarkt ինտերնետային պորտալն ավելի ակտիվ են այս հարցում։
Նախ նշենք, որ Հայաստանի հավաքականի նախկին անդամ, «Վանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը համալրել է Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլի» շարքերը։ Ֆուտբոլիստն արդեն Դուշանբեում է և հասցրել է բուժզննում անցել։ Քարտաշյանը Sports.life.am կայքին տեղեկացրել է, որ դեռևս մեկ մրցաշրջանով է միացել «Իստիկլոլին»։ Ի դեպ նա առաջիկայում նոր թիմի կազմում խաղալու է արաբական «Ալ-Նասրի» դեմ, որտեղ հանդես է գալիս անվանի ֆուտբոլիստ Կրիստիանո Ռոնալդուն։
Չարենցավանյան թիմի ռմբարկու, 24-ամյա Էդգար Մովսեսյանն էլ փորձաշրջան է անցնում Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքը ներկայացնող «Դուկլայում»: Հայ ֆուտբոլիստը նույնիսկ մասնակցել է ստուգողական հանդիպումների, սակայն դեռևս տեղափոխության մասին հստակ տեղեկություն չկա։
Կիսապաշտպան Պավել Գորելովը, որը վարձավճարով էր հանդես գալիս «Վանում», Transfermarkt-ի համաձայն տեղափոխվել է Ռուսաստանի առաջին լիգայի «Կամազ»։ Ըստ ինտերնետային պորտալի թիմի բոլիվիացի դարպասապահ Դիեգո Զամոռան էլ վերադարձել է հայրենի երկիր և կարիերան շարունակելու է այնտեղ։
Ըստ շրջանառվող լուրերի, «Վանում» չեն արդեն նաև Ռումյան Հովսեփյանը, որը մարզվում է «Նոայի» կազմում և Դավիթ Մանոյանը։
© Armenian Soccer 2023