Armenian Soccer
Armenian Soccer

Թուրքիա-Հայաստան խաղի ժամանակ արգելվել է ցուցադրել Ադրբեջանի դրոշը

Սեպտեմբերի 8-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան հանդիպման ժամանակ արգելվելու է ադրբեջանական դրոշներով մարզադաշտ մուտք գործելը։ Սա առաջացրել է տեղի ադրբեջանցիների զայրույթը:

Ինչպես հայտնում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Էսքիշեհիր քաղաքի վարչակազմը, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը, որոշել են թույլ չտալ խաղին ներկա գտնվել ադրբեջանական դրոշներով մարդկանց։ Այս մասին արդեն տեղեկացվել է նաև ոստիկանությունը:

Այս որոշումը զայրույթ է առաջացրել Էսքիշեհիր քաղաքի ադրբեջանցիների շրջանում։ Այս առիթով Twitter-ում թափ են հավաքում #BayrağımaDokunmaTFF («Մի դիպչիր իմ դրոշին») հեշթեգով գրառումները։

Էսքիշեհիր քաղաքի ադրբեջանական համայնքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրենք տեղեկացված են, որ Թուրքիա-Հայաստան խաղին արգելվում է բերել ցանկացած տեսակի դրոշներ (այդ թվում ՝ ադրբեջանական), այլ պարագաներ և պաստառներ, բացի Թուրքիայի դրոշից: Նշվում է, որ տեղի ադրբեջանական համայնքը բոյկոտում է խաղը և չի գնա մարզադաշտ:
«Նման որոշումը հակասում է մեկ ժողովրդի եղբայրության ընկալմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նույն իրավիճակն էր նաև 2009 թվականին Թուրքիայի Բուրսա քաղաքում Թուրքիա-Հայաստան (2-0) խաղի ժամանակ, այն ժամանակ ևս արգելվել էր ադրբեջանական դրոշը, սակայն երկրպագուները փորձել էին անցկացնել Ադրբեջանի դրոշները, որոնք հետագայում ոստիկանության կողմից նետվեցին աղբամաններ: Այս հանգամանքը մեծ զայրույթ էր առաջացրել։

© Armenian Soccer 2023