Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանն «Արարատ-Արմենիայից» վարձավճարով տեղափոխվել է խորվաթական «Օսյեկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 29-ը: Խորվաթական ակումբը կունենա 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու առաջնային հնարավորություն:
«Խորվաթական ֆուտբոլը շատ բարձր վարկանիշ ունի, որն արտացոլվում է նաև ազգային թիմի հիանալի արդյունքների վրա: Այնուամենայնիվ, ես Խորվաթիայի առաջնությունը որոշ չափով ուսումնասիրել եմ և տեսել, որ շատ լավ ֆուտբոլ են խաղում այստեղ: Սա նշանակում է, որ ինձ համար մեծ հնարավորություն է ստեղծվել ցուցադրել որակներս՝ բավարարելով և՛ իմ, և՛ ակումբի պահանջները:Ես անհամբերությամբ սպասում էի այս տեղափոխությանը, հիմա այստեղ եմ և հուսով եմ, որ շուտով նորամուտս կնշեմ «Օսյեկի» կազմում: Ցանկանում եմ ապացուցել, որ մարզական տնօրեն Կուլեշևիչը և մարզիչ Թոմասը չեն սխալվել իմ հարցում:Հավատում եմ, որ արագորեն կհարմարվեմ ամեն ինչին և ամենակարևորն այն է, որ մենք հենց սկզբում սկսենք հաղթել»,- Ստյոպա Մկրտչյանի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը:
Ահա արդեն երեկ` հուլիսի 23-ին Ստյոպա Մկրտչյանը նորամուտն է նշել նոր թիմի կազմում:
Խորվաթիայի առաջնության մեկնարկային տուրում «Օսյեկը» 6։1 հաշվով հաղթել է «Սլավենին», իսկ 20-ամյա պաշտպանը փոխարինման է մտել հանդիպման 78-րդ րոպեին:
89-րդ րոպեին մրցավարը ձեռքով խաղ է նկատել Ստյոպա Մկրտչյանի կողմից, սակայն մրցակցի ֆուտբոլիստը վրիպել է 11-մետրանոցից:
© Armenian Soccer 2023