Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել Հայաստանի գավաթի 2022/23թթ. խաղարկության եզրափակչին։
Հիշեցնենք, որ երկրի գավաթը եզրափակչում վիճարկելու են «Շիրակն» ու «Ուրարտուն»:
«Շիրակը» կիսաեզրափակչում, դրամատիկ խաղում 11-մետրանոցներով առավելության է հասել չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ, իսկ «Ուրարտուն» խոշոր` 4:0 հաշվով հաղթել է Առաջին լիգան ներկայացնող «Գանձասարին»:
Չնայած նրան, որ այս երկու թիմերը վաղուց են հանդես գալիս Հայաստանի առաջնությունում, այնուամենայնիվ երկրի գավաթի խաղարկության եզրափակչում առաջին անգամ են հանդիպելու։
Իսկ հիմա սկսենք սկզբից։ Մրցաշարն սկսել է անցկացվել 1939 թվականին և ԽՍՀՄ գավաթի անբաժանելի մասն էր։ 1991 թվականին Հանրապետության անկախացումից հետո մրցաշարը ստացել է «Հայաստանի գավաթ» անվանումն, իսկ վերջին տարիներին նաև կից կրում է մրցաշարի հովանավորի անվանումը։
Հայաստանի գավաթի խաղարկության ամենատիտղոսակիր թիմը «Փյունիկն» է, որը գավաթը նվաճել է 8 անգամ (1995/96, 2002, 2004, 2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15):
1992 թվականից սկսած «Ուրարտուն» (նախկին «Բանանց») Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում հայտնվել է 9 անգամ, որից 3-ում դարձել է գավաթակիր (1992, 2007, 2015/16)։ Ի դեպ «Ուրարտուն» հենց առաջին խաղարկության հաղթողն է։ Թիմը 2:0 հաշվով առավելության է հասել ՀՄԸՄ-ի նկատմամբ։
«Շիրակը» գավաթի եզրափակչում հանդես է եկել 7 անգամ և 2 անգամ նվաճել գավաթը (2011/12, 2016/17):
«Շիրակի» կազմում գավաթային վերջին եզրափակչի` 2016/17 թթ. խաղարկության «Փյունիկի» դեմ խաղի (3:0) համեմատ փոփոխությունները շատ են, բայց թիմում կրկին ելույթ են ունենում ավագ Արտյոմ Միքայելյանը, Ռոբերտ Դարբինյանը, Մարկո Պրլեիչը եւ Մուսա Փոլ Բակայոկոն։
«Ուրարտուում» վերջին գավաթային եզրափակչի` անցյալ տարվա խաղարկության «Նորավանքի» դեմ խաղի (0:2) համեմատ շարունակում է հանդես գալ թիմի ընդհանուր կազմի մեծ մասը։
Ինչպես տեսնում ենք, երկու թիմում էլ ընդգրկված ֆուտբոլիստներից շատերը գավաթային եզրափակչում հանդես գալու փորձառություն ունեն, որը կօգնի լավ հանդես գալու հարցում։
«Ուրարտուն» հիանալի է հանդես գալիս Հայաստանի առաջնությունում։ Թիմը շարունակում է առաջին տեղով ընթանալ ու չեմպիոն դառնալու լուրջ հայտ է ներկայացրել։ Անկախ դրանից էլ երևանյան թիմը վստահաբար ապահովել է իր տեղը եվրագավաթային մրցաշարերում։ Իսկ այ «Շիրակը» եվրագավաթային ուղեգիր ձեռք բերելու համար ամեն գնով պետք է փորձի դառնալ գավաթակիր, քանի որ մարզային թիմի գործերն առաջնությունում այնքան էլ լավ չեն։ Հակառակ դեպքում ուղեգիրը բաժին կհասնի առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած ակումբին, որը տեսականորեն վերջնական ամրագրել է «Ալաշկերտը»:
Տեղեկացնենք նաև, որ օրեր առաջ ՀՖՖ-ն Հայաստանի պրեմիեր լիգայի 7 ակումբի շնորհել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր, ինչը եվրագավաթային ուղեգիր ձեռք բերելու դեպքում եվրոպական մրցաշարերին մասնակցելու իրավունք է տալիս։ Այդ ակումբների թվում են նաև «Շիրակն» ու «Ուրարտուն»:
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի 2022/23թթ. խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 13-ին, «Հանրապատեկան» մարզադաշտում և մեկնարկելու է ժամը 19:00-ին։
© Armenian Soccer 2023