Այսօր` մայիսի 7-ին մեկնարկում է Հայաստանի 31-րդ առաջնության 31-րդ տուրը։
Թեժ դիմակայությունները շարունակվում են և այս մրցափուլն էլ բացառություն չէ։
Տուրի առաջին խաղում «Փյունիկը» ժամը 19:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կընդունի «Վանին»: Չեմպիոնը նախորդ 3 խաղաշրջաններից 2-ում հաղթել է, մեկ հանդիպում էլ ավարտվել է չարենցավանցիների օգտին։Մարզային թիմը լուրջ խնդիրներ ունի, կրկին մարզչական շտաբում անհասկանալի իրավիճակ է, վերջին տուրերում խոշոր հաշվով պարտություններ է կրել, հետևաբար մեծ ոգեւորությամբ չի մոտենում առաջիկա խաղին։ Փոխարենը չեմպիոնը 11 խաղ անընդմեջ հաղթել է և շարունակում է սուր պայքար մղել չեմպիոնության համար։
Մայիսի 8-ին ժամը 19:00-ին, Գյումրիում կհանդիպեն «Շիրակն» ու «Արարատը»: Արարատցիներին այս առաջնությունում չի հաջողվել հաղթել մարզային այս թիմին։ Թիմերի միջև կայացած 3 խաղերից 2-ում հաղթել է «Շիրակը», մեկ հանդիպում էլ ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Երկու թիմերն էլ փորձում են բարելավել իրենց դիրքը և տիրանալ 5-րդ տեղին, այնպես որ թեժ մրցակցությունն ապահովված կլինի։
Նույն օրը նույն ժամին, արդեն Երևանում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Նոային»: Առաջատարն այլևս սայթաքելու իրավունք չունի և չեմպիոն դառնալու համար յուրաքանչյուր խաղում պետք է հաղթանակի հասնի։ «Նոան» տանտերերի համար այդքան էլ բարդ մրցակից չէ, ամեն դեպքում դա արտացոլվում է խաղերի հաշիվներում։ Նախորդ երեք հանդիպումներն ավարտվել են «Ուրարտուի» հաղթանակով։ Չնայած արդյունքներին, Ռոբերտ Արզումանյանի սաներն այժմ անհամեմատ լավ են հանդես գալիս, ուստի անակնկալների կարելի է սպասել։
Մայիսի 9-ին, ժամը 18:00-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կհանդիպեն հետնապահներից ԲԿՄԱ-ն ու «Լեռնային Արցախը»: Թիմերի միջև կայացած 3 խաղերում մեկական հաղթանակ է գրանցվել յուրաքանչյուրի կողմից ու մեկ խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։Բանակայինները վերջերս իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեցին, իսկ «Լեռնային Արցախը» շարունակում է անկում ապրել, չնայած որ նախորդ տուրի «Ալաշկերտի» հետ խաղում ֆուտբոլիստները բավականին լավ էին խաղում։ Անկախ ամենից այս երկու թիմի խնդիրն առաջնության ավարտին մրցաշարային աղյուսակի վերջին տեղում չհայտնվելն է։
Մայիսի 10-ին կկայանա տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը։ Միմյանց հետ կմրցեն «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»: Հանդիպումը տեղի կունենա Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։ Լավագույն քառյակում հայտնված թիմերի հանդիպումները միշտ էլ հետաքրքիր են և անցնում են թեժ ու լարված մթնոլորտում։ Եթե «Ալաշկերտը» տեսականորեն այլևս 4-րդ տեղից չի կարողանա բարձրանալ, ապա «Արարատ-Արմենիային» միավորներ են պետք չեմպիոնական մրցավազքում մնալու համար։ Թիմերի միջև կայացած նախորդ 3 խաղերից 2-ն ավարտվել են ոչ-ոքիով, մեկ խաղում էլ հաղթել է փոխչեմպիոնը։ Այսինքն սա Վահե Գևորգյանի գլխավորած թիմի համար նաև ռևանշի հնարավորություն է։
Անկասկած հերթական հետաքրքիր ու դիտարժան տուրն է ընթանալու, իսկ մեզ մնում է միայն հետևել չեմպիոնական այդ պայքարին։
© Armenian Soccer 2023