«Փյունիկը» պայմանագիր է կնքել 34-ամյա հարձակվող Սերժ Դեբլեի հետ: Կոտ դ’Իվուարցի ֆուտբոլիստը երևանյան թիմին է միանում ազատ գործակալի կարգավիճակով:
Դեբլեն պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է հայրենի երկրի «Միմոսաս» ակումբում: Անգլիական «Չարլթոնի» ֆուտբոլիստ դառնալուց հետո՝ Դեբլեն վարձավճարով տեղափոխվել է նախ ֆրանսիական «Անժե», հետո արդեն՝ «Նանտ», որտեղ 27 խաղից հետո դարձել էր 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ռուսական «Խիմկիում» ու «Խաբարովսկում» ելույթներից հետո աֆրիկացին միացել է «Շիրակին»: Գյումրեցիների կազմում Դեբլեն 31 խաղում դարձել էր 17 գոլի և գոլային 13 փոխանցման հեղինակ, ինչպես նաև նվաճել Հայաստանի 2013/14թթ. մրցաշրջանի Սուպերգավաթը:
Այնուհետև, դանիական «Վիբորգի» հետ Դեբլեն նվաճել է երկրում հզորությամբ երկրորդ լիգայի գավաթը 2021 թվականին: Այնտեղ նա անցկացրել է 91 հանդիպում, դարձել 28 գոլի և արդյուանվետ 15 փոխանցման հեղինակ:
7 տարի անց Սերժ Դեբլեն վերադառնում է Հայաստան ու մրցաշրջանի առաջին հատվածում Երևանի «Արարատի» կազմում խփած 14 գոլից հետո, տեղափոխվում է «Փյունիկ»: Նա օգնում է երևանցիներին 7 տարի անց առաջին անգամ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ դառնալով նաև առաջնության լավագույն ռմբարկուն 22 գոլով:
«Փյունիկից» հեռանալուց հետո 34-ամյա հարձակվողը Ղազախստանի «Տոբոլի» հետ մեկ տարում թիմի հետ նվաճում է երկրի գավաթը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Դեբլեն իր գոլերով օգնում է «Տոբոլին» հաղթահարել «Բազելի» արգելքը և հասնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-դ փուլ, հետո արդեն՝ փլեյ-օֆֆ: Դեբլեն ղազախական ակումբից հեռանում է 53 խաղում խփած 14 գոլով և 8 արդյունավետ փոխանցմամբ:
Սերժ Դեբլեն հրավիրվել է նաև Կոտ դ’Իվուարի մինչև 23 տարեկանների հավաքական, որտեղ մասնակցելով 6 խաղի իր անվան դիմաց գրանցել է մեկ գնդակ:
© Armenian Soccer 2024