Հայաստանի հավաքականի մարտի 20-ին կայացած բաց մարզումից հետո մեր ազգային թիմի առաջատար Էդուարդ Սպերցյանը խոսել է առաջիկա հանդիպման և թիմի նախապատրաստության մասին։
«Շատ ենք սպասում Թուրքիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը, որը մեզ համար պատմական է: Պատրաստվում ենք մեծ պատաախանատվությամբ եւ հուսով ենք հաջողությունը մեր կողմը կլինի ու կկարողանանք հաղթել:
Լիարժեք մարզում անցկացրինք նոր մարզչի գլխավորությամբ: Այն ինձ համար ամբողջական էր ու հետաքրքիր: Ինչ խոսք մարզումային գործընթացում փոփոխություն կա, քանի որ յուրաքանչյուր մարզիչ իր մոտեցումներն ունի:
Հավաքականի նորեկները շատ լավ տղաներ են։ Նաիր Տիկնիզյանին մոտիկից եմ ճանաչում եւ Երեւան գալուց առաջ իրար դեմ ենք խաղացել: «Բավարիայի» երիտասարդական թիմի անդամը եւ «Կրասնոդարից» Գեորգին շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են եւ մեծ ապագա ունեն։ Կարծում եմ նրանք կուժեղացնեն մեր հավաքականը։
Առաջիկա խաղի մասին շատ ենք խոսում, քանի որ շատ ենք սպասում դրան: Միայն հանդիպման անունը մեծ շարժառիթ է մեզ համար: Փորձում ենք պրոֆեսիոնալ տեսանկյունից մոտենալ խաղին ու նաեւ հոգեբանորեն ենք նախապաստրաստվում։ Այդ օրն ամեն ինչ պետք է մի կողմ թողնենք եւ մեծ նվիրվածությամբ ու համախմբվածությամբ մեր գործն անենք խաղադաշտում»,- ասել է Էդուարդ Սպերցյանը։
© Armenian Soccer 2023