Armenian Soccer
Armenian Soccer

«Կարծում եմ նորամուտի համար ավելի լավ խաղ չէր կարող լինել». Նաիր Տիկնիզյան

Հայաստանի հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը կիսվել է իր տպավորություններով, մեր ազգային թիմին միանալու որոշման և Թուրքիայի ընտրանու դեմ հանդիպման մասին։

«Տպավորություններս Հայաստանից աննկարագրելի են: Նախ կուզեի ներողություն խնդրել բոլորից, որ հայերեն չեմ խոսում: Այդքան էլ գեղեցիկ չէ հայրենիքում խոսել ռուսերեն, սակայն հայերեն սովորելու ժամանակ չեմ ունեցել: Հուսով եմ մոտ ապագայում այդ բացը կլրացնեմ:

Ինձ շատ լավ դիմավորեցին օդանավակայանում։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այդպիսի պատվի արժանացնելու համար, շատ հաճելի էր։

Հայաստանի հավաքականում խաղալու հրավերի մասին շատ եմ խորհել: Մի օր արթնացա եւ հասկացա, որ պետք է գալ Հայաստան։ Վերջնական որոշումը կայացրել եմ այս տարվա հունվարին։ Կարծում եմ նորամուտի համար ավելի լավ խաղ չէր կարող լինել, քան Թուրքիայի հավաքականի հետ մրցավեճը: Թուրքիայի ընտրանին Հայաստանի հավաքականի համար ամենասկզբունքային մրցակիցն է: Մենք ամբողջ թիմով հասկանում ենք պատասխանատվության աստիճանը։

Մարզմանը շատ երկրպագուներ էին եկել: Վստահ եմ, որ խաղին տասնապատիկ անգամ ավելին կլինեն։ Մենք պարտավոր ենք դուրս գալ խաղադաշտ, միավորվել մեր երկրպագուների հետ, կռիվ տալ ամեն մի գնդակի համար եւ հասնել ցանկալի արդյունքի։ Տա Աստված, որ այդպես լինի:

Հայաստանի հավաքականի մարզիչն ինձ տեսնում է ձախ եզրում։ Իմ ակումբում էլ ես խաղում եմ ձախից, այդ առումով հարմարվելու խնդիր չի լինի։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

© Armenian Soccer 2023