Այսօր ` հունիսի 28-ին Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» մեկնել է Վրաստան` ուսումնամարզական հավաքի։
Երևանյան թիմը նախատեսում է ստուգողական 3 հանդիպում տեղի` «Սամգուրալ», Քութայիսիի «Տորպեդո» և «Սամտրեդիա» թիմերի հետ։
Մինչ թիմի մեկնելը, Armenian Soccer-ը զրուցել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, որն անդրադարձել է նախապատրաստական շրջանին, թիմի նորեկներին, եվրաակումբային մրցաշարի առաջիկա մրցակցին ու Հայաստանի առաջնությանը։
-Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունը։
-Նորմալ է ընթանում նախապատրաստական գործընթացը։
Գիտենք ինչպես պատրաստվենք, գիտենք մեր մրցակցին, նրա ուժեղ ու թույլ կողմերը։
Ամեն ինչ լավ է, ես էլ հույս ունեմ, որ մինչ առաջին դիմակայությունը կկարողանանք անել այն, ինչ որոշել ենք նախապատրաստական շրջանի համար։
Ի՞նչ կասեք թիմի նորեկների մասին։
-Մի քանի նորեկներ ունենք, ես ու իմ մարզչական շտաբն ենք ցանկացել նրանց տեսնել մեր թիմում։ Իհարկե կա խնդիր, որ ոմանք շուտ են ընտելանում թիմին, ոմանք ավելի ուշ, սակայն վստահ եմ առաջիկայում բոլորն էլ կօգնեն մեզ։
-Համալրումներ էլի կլինե՞ն։
-Քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է` այլ համալրումներ ևս լինելու են։
-Ի՞նչ կասեք Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում ձեր մրցակցի` «Նարվա Տրանսի» մասին։
— Մրցակիցն ունի առավելություն։ Իրենց մոտ առաջնությունն ընթանում է գարուն/աշուն տարբերակով։ Բացի դա ուսումնասիրել ենք «Նարվա Տրանսին», բավականին ուժեղ մրցակից է, ունի ուժեղ կողմեր, որոնք կարող է օգտագործել մեր դեմ։ Հուսամ դա իրենց մոտ չի ստացվի։
— Անդրադառնանք Հայաստանի առաջնության առաջիկա մրցաշրջանին ու մրցակից թիմերին։
-Ավարտված մրցաշրջանը ցույց տվեց, որ մեր առաջնությունում ուժեղ մրցակիցներ ունենք։ Թիմերը չեն թուլանում, ընդհակառակը լավ սելեկցիայի շնորհիվ ավելի են ուժեղանում։ Կարծում եմ, ավելի դժվար է լինում առաջիկա մրցաշրջանում։
-Նախորդ տարի եվրաակումբային մրցաշարերի խաղերի պատճառով տուժեցիք առաջնությունում։ Այս տարի ի՞նչ եք անելու։
— Նախորդ տարի եվրաակումբային մրցաշարերի խաղերը շատ խանգարեցին առաջնությանը, մենք աշնանային հատվածում չէինք կարողանում հիմնական կազմով խաղալ։ Հուսանք այս անգամ կկարողանանք և՛ աշնանը և՛ գարնանը լիարժեք ներկայանալ։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» — «Նարվա Տրանս» հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին` Վահագն Թումասյանի անվան Աբովյանի քաղաքային մարզադաշտում ու կմեկնարկի 19:00-ին: Հայաստանում կայանալիք հանդիպման մուտքը երկրպագուների համար կլինի ազատ:
Պատասխան խաղն անցկացվելու է Էստոնայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ռակվեռե քաղաքում: Բանն այն է, որ «Նարվա Տրանսի» տնային մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 20-ին ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:30-ին:
© Armenian Soccer 2023