Օգոստոսի 25-ին մեկնարկում է Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 5-րդ մրցափուլը։
Տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի «Նոային»:
«Նոան» կարելի է ասել վերաձևել է ամբողջ կազմը և այս մրցաշրջանում պայքարում է չեմպիոնության համար։ Թիմը վստահ հանդիպումներ է անցկացրել և այժմ էլ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Ալաշկերտը» Վահե Գևորգյանի գլխավորությամբ շարունակում է մշտապես մնալ պայքարի մեջ։ Թիմը 4 տուրից հետո եզրափակում է լավագույն եռյակը, ինչը վատ արդյունք չէ։
Այն, որ տուրի մեկնարկը շատ հետաքրքիր է լինելու, կասկած չկա։
Հանդիպման մեկնարկը` 17:00-ին։
Նույն օրը 19:00-ին «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի ԲԿՄԱ-ի հետ։
«Արարատն» իր ոճով մրցաշրջանը վատ չի մեկնարկել, սակայն հույս ունենանք, որ այդպես էլ կշարունակի։
Բանակայինները վստահ խաղ են ցուցադրում և խաղից խաղ ապացուցում եմ, որ արժանի են պրեմիեր լիգայում հանդես գալու։
Օգոստոսի 26-ին «Շիրակը» տանը կհյուրընկալի չեմպիոն «Ուրարտուին»:
Խաղը կմեկնարկի 19:00-ին։
«Շիրակը» դեռ գավաթային եզրափակչից հետո «ասելիք» ունի «Ուրարտուին», այնպես որ թեժ ճակատամարտ է տալու։
Մարզային թիմի մարզչական շտաբում փոփոխություն է տեղի ունեցել, հետևաբար սա նաև քննություն կլինի նոր մարզչի համար։
«Ուրարտուն»` որպես չեմպիոն, դեռ պետք է բորբոքի պայքարը։
Նախորդ տուրում գրանցած ոչ-ոքիից հետո, հավելյալ 3 միավորը չի խանգարի գավաթակրին։
Օգոստոսի 27-ին` ժամը 19:00-ին «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում կընդունի «Վանին»:
«Փյունիկից» կրած ցավալի պարտությունից հետո բրոնզե մեդալակիրը պետք է անի հնարավորը, պայքարին ներգրավվելու համար։ Վարդան Մինասյանի և Տենտոն Եննեի բացակայությունը գուցե խանգարի թիմին, բայց անկախ ամեն ինչից պետք է լուրջ մոտենալ հանդիպմանը։
«Վանը» բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է խնդիրներ առաջացնել առաջատար թիմերի համար, այնպես որ հեշտ խաղ չի սպասվում «Արարատ-Արմենիային»:
Տուրի եզրափակիչ խաղը կկայանա օգոստոսի 28-ին։ Ժամը 19:00-ին «Փյունիկը» Աբովյանում ուժերը կչափի «Վեստ Արմենիայի» հետ։
Փոխչեմպիոնը կարելի է ասել արդեն հունի մեջ է ընկել և լիովին ներգրավվել է Հայաստանի առաջնության պայքարին։
Նախորդ տուրում տարած կամային հաղթանակը մեծ վստահություն է տվել թիմին, որն էլ կօգնի առաջիկա հանդիպման ժամանակ։
«Վեստ Արմենիան» 4 պարտություն է կրել։ Բարդ կլինի փոխչեմպիոնից միավոր կորզելը, սակայն նորեկը պետք է փորձի պայքարել։
© Armenian Soccer 2023