Խորվաթ հարձակվող Լուկա Յուրիչիչը «Փյունիկից» տեղափոխվում է ռումինական «Կլուժ»։
Լուկա Յուրիչիչը երևանյան թիմին էր միացել 2022 թվականի ամռանը` հարավկորեական «Գիմպո» ակումբից:
Յուրիչիչն իր գոլերով օգնել է իր թիմին նախորդ մրցաշրջանի եվրագավաթային ճանապարհի ընթացքում: Խորվաթ հարձակվողը դուբլնէ գրանցել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժի» դեմ հաղթական խաղում (4:1): Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլի փոխչեմպիոնի վերջին գոլը ևս նրա անվան դիմաց է գրանցված («Փյունիկ» 1։2 «Բազել»):
26-ամյա հարձակվողը Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում հեղինակել էր 17 գոլ և կիսել լավագույն ռմբարկուի մրցանակը Յուսուֆ Օտուբանջոյի հետ: Ի դեպ նա այդ արդյունքով Armenian Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է ավարտված մրցաշրջանի լավագույն հարձակվող։ Բացի ռմբարկու լինելուց, Լուկան 2 անգամ ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Ողջույն, «Փյունիկի» երկրպագուներ, մեկ տարի անց ժամանակն է եկել հրաժեշտ տալու։ Միասին իսկապես անմոռանալի ճանապարհ անցանք, ու ես վայելել եմ ամեն պահը «Փյունիկի» մարզաշապիկով։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել սիրո ու աջակցության համար։ Երևանն ու «Փյունիկը» հավերժ հատուկ տեղ կունենան իմ սրտում։ Առա՜ջ, «Փյունիկ»»,-ասել է Լուկան՝ դիմելով երկրպագուներին։
Երևանյան թիմից հեռանալուց առաջ Լուկան 3 նոր ռեկորդ է սահմանել եվրագավաթների հայկական ակումբների ռմբարկուների շրջանում.ամենաշատ գոլերը (6), անընդմեջ գոլեր (4 խաղ), Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկու (4 գոլ):
«Փյունիկի» գույներով Յուրիչիչը ընդհանուր անցկացրել է 46 հանդիպում, դարձել 25 գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ:
© Armenian Soccer 2023