«Ուրարտու» ակումբի սան Պետրոս Մանուկյանը տևական ժամանակ բացակայել է ծանր վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլիստն անհատական ծրագրով մարզվելուց հետո արդեն միացել է «Ուրարտու-2»-ին և նախապատրաստական շրջանն անցկացնում է նրա կազմում։
Ֆուտբոլիստը վերադառնալուց հետո հարցազրույց է տվել ակումբի կայքին։
ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ԱՊԱՔԻՆՎԵԼՈՒ ՈՒ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Վնասվածքս ստացել եմ երիտասարդական հավաքականի կազմում, խաչաձև կապանի վնասվածք էր, և մոտ 9 ամիս անհրաժեշտ եղավ վերականգնողական փուլն անցնելու համար: Փառք Աստծո, այս պահին ամեն ինչ կարգին է, թեև ինձ սկզբնական ժամանակահատվածում ասում էին, որ մոռանամ ֆուտբոլի մասին: Հիմա կամաց-կամաց, բայց փորձում եմ մարզավիճակ հավաքել, որպեսզի լիովին ինտեգրվեմ թիմին»:
«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ի ՀԵՏ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ
«Այս պահին մարզվում եմ «Ուրարտու 2»-ի կազմում, նախևառաջ մարզավիճակ ձեռք բերելու նպատակով, բացի այդ, որպեսզի նորից հնարավորություն ստանամ հանդես գալ գլխավոր թիմում, այնտեղ մարզվելու և խաղալու:
Նախապատրաստական շրջանը շատ լավ է անցնում, պատրաստվում ենք առավելագույնս կենտրոնացված, որպեսզի խաղի ժամանակ կարողանանք անել այն, ինչ ուզում է մարզիչը` արդյունքի հասնելու համար: Թիմը, ըստ իս, գտնվում է լավ վիճակում, նախատեսված են նաև ստուգողական հանդիպումներ, որոնք էլ կօգնեն ավելի պատրաստ մոտենալ առաջնությանը»:
ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՈՒ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հասցրել էի մարզվել ու նորամուտս նշել գլխավոր թիմի կազմում, իսկ դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի նպատակն է, դրա համար տարիների ջանք ու եռանդ է ներդրվում:
Բայց ամեն բան կարող է լինել, մեկ վնասվածքը կարող է փոշիացնել այն, ինչին երկար ժամանակ ձգտել ես հասնել։ Վնասվածն իր ազդեցությունը թողնում է` սկսում ես հետ վարժվել, բաց ես թողնում մարզումներ, հետ մնում մարզավիճակիցդ: 9 ամիսն էլ ֆուտբոլում բավական երկար ժամանակահատված է, հիմա անում եմ ամեն ինչ, կրկնակի եռանդով, որպեսզի շուտ վերադառնամ մարզավիճակիս։ Կփորձեմ ջանքեր ներդնել և կրկին վերադառնալ գլխավոր թիմ և այնտեղ հանդես գալով օգնել իմ ակումբին»:
® Armenian Soccer 2023