Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի նորընծա չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը բացառիկ հարցազրույց է տվել Առաջին Ալիքի 3:1 հաղորդմանը:
«Երկար սպասված տիտղոս էր: Շատ ուրախ եմ այս սկուդետտոյի համար. ոչ բոլորին է հաջողվում 35 տարեկանում նվաճել այն, բայց ես այսքանով չեմ բավարարվի, հուսամ՝ հաջորդ տարին ևս բարեհաջող կլինի:
Այս տարիքում հատկապես ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է, քանի որ վերականգնվելը դանդաղ է ընթանում, բայց ես փորձում եմ ճիշտ սնվել, ճիշտ մարզվել, որպեսզի արագ վերկանագնվեմ, փորձում եմ առավելագույնս անել, որպեսզի միշտ լինեմ մարզչի տրամադրության տակ:
Մանկության տարիներիս նպատակներից մեկն «Արսենալում» խաղալն էր, որը հետագայում իրականություն դարձավ: Հիմա էլ շատ նպատակներ ունեմ: Կարիերայիս ավարտից հետո կփորձեմ հասկանալ՝ արդյոք բոլորն իրականացրի՞, թե՞ ինչ-որ բան չստացվեց»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Պատասխանելով Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային քաղաքականության և այնտեղից ստացած առաջարկի մասին հարցին՝ Մխիթարյանը շեշտել է, որ կարիերայի շարունակության նման սցենար չի դիտարկում:
«Ինչ-որ տեղ իրենց ֆուտբոլը զարգացնելու միջոց է, որպեսզի կարողանան ուժեղ ֆուտբոլիստների բերեն իրենց երկիր և առաջնությունն ուժեղացնել, բայց ես բացասաբար եմ նայում դրան: Իմ տեսանկյունից՝ գումարը չի կարևորը, այլ սերը խաղի նկատմամբ: Ինձ համար այդ դուռը փակ է, չեմ քննարկում այդ տարբերակը: Եվրոպայում ֆուտբոլը, երկրպագուների ջերմությունն ու վերաբերմունքը լրիվ այլ է»:
Մխիթարյանի հարցազրույցը՝ 25:12 րոպեից.
© Armenian Soccer 2024