Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 24-րդ տուրը մեկնարկեց չեմպիոնի գոլային հրավառությամբ։
«Փյունիկը» Վայքի «Արևիկ» մարզադաշտում հյուրընկալվեց «Լեռնային Արցախին» և 6 անգամ ստիպեց մրցակցին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։
Հանդիպման սկզբնամասում ` 10-րդ րոպեին, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, չեմպիոնին հաշվի մեջ առաջ մղեց Էդգար Մալաքյանը։
32-րդ րոպեին տանտերերի դարպասին կրկին 11-մետրանոց հարված նշանակվեց։ Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հարությունյանը։
Րոպեներ անց Ջոնել Դեսիրեն հաշիվը դարձրեց խոշոր ` 3:0:
Մինչև երկրորդ խաղակեսի միջնամաս արցախցիները կարողանում էին դիմադրել փյունիկցիներին, սակայն 65-րդ րոպեին «Փյունիկի» գոլահար Յուսուֆ Օտուբանջոն խփելով այս մրցաշրջանի իր 9-րդ գոլը, 4-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
70-րդ րոպեին Արտակ Դաշյանը 5-րդ անգամ գրավեց «Լեռնային Արցախի» դարպասն, իսկ 84-րդ րոպեին Միխայիլ Կովալենկոն խփելով չեմպիոնի 6-րդ գոլը, դրեց խաղի վերջակետը։
«Փյունիկը» հաղթեց 6:0 հաշվով և այժմ 3-րդ տեղում է վաստակած 49 միավորով։ Այսպիսով, չեմպիոնը տոնեց այս մրցաշրջանի ամենախոշոր հաշվով հաղթանակը։
«Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է։
© Armenian Soccer 2023