ՀՖՖ-ի Փոքր դաշտերի ծրագիրը՝ լավագույն նախագիծն է ճանաչվել Եվրոպայում։
ՖԻՖԱ-ն ամփոփել է եվրոպական անդամ ասոցիացիաների համար մշակված FIFA Forward Awards-2023 հատուկ նախաձեռնության արդյունքները: Առաջին անգամ իրականացվող նախաձեռնությանը ներկայացված են եղել 21 ասոցիացիաների կողմից վերջին մի քանի տարում իրականացված ենթակառուցվածքային նախագծեր՝ այդ թվում, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, ինչպես նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաների։
21 երկրների ծրագրերից լավագույնն է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Մասսայական ֆուտբոլի մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը (89 փոքր դաշտեր Հայաստանի մարզերում):
«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր կողմից վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքն արժանացել է ՖԻՖԱ-ի բարձր գնահատականին: Այն փաստը, որ մեր ծրագիրը հաղթող է ճանաչվել՝ առաջ անցնելով եվրոպական 20 ասոցիացիաներից, վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք շարունակելու ենք հետևողականորեն իրականացնել մեր ծրագիրը՝ զարգացնելով մարզային ենթակառուցվածքները, բարելավելով երեխաների՝ ամբողջ Հայաստանով մեկ ֆուտբոլ խաղալու հնարավորությունները: Կարևորում եմ նաև, որ մենք ենթակառուցվածքներ ենք ստեղծում, որոնք միտված են աջակցել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացմանը»,- նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Ավելացնենք, որ առաջիկայում ՖԻՖԱ-ն պաշտոնապես կհանձնի պարգևը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
© Armenian Soccer 2023