Հունիսի 4-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի ամփոփիչ գալա միջոցառումը, որի ընթացքում առաջնության լավագույններին հանձնվել են իրենց մրցանակները։
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է առաջնության լավագույն կիսապաշտպան։
22-ամյա ֆուտբոլիստն ավարտված առաջնության ընթացքում, «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, դարձել 10 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ։
Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 40 խաղի, հեղինակել 14 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում։
Ռուսաստանի պրեմիեր լիգայում Սպերցյանն ընդհանուր անցկացրել է 58 հանդիպում, խփել 18 գոլ ու գոլային 16 փոխանցում կատարել։
Նա այս մրցաշրջանում գրեթե միշտ խաղերին մասնակցել է մեկնարկային րոպեներից ու շատ խաղաժամանակ ստացել։ Սպերցյանը նաև 5 անգամ իր թիմին խաղադաշտ է դուրս բերել ավագի թևկապով։
Էդուարդ Սպերցյանը նաև ճանաչվել է ՌՊԼ-ի լավագույն ասիստենտ։ Ինչպես նշվեց վերը, նա կատարել է 12 արդյունավետ փոխանցում։
Սպերցյանին 9-ական փոխանցումով հաջորդում են Կլաուդինիոն («Զենիթ») ու Ալեքսանդր Սոբոլյովը («Զենիթ»):
Արսենը Զախարյանը («Դինամո») 7 փոխանցումով 7-րդ տեղում է։
Էդուարդը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի առաջին սանն է, ով դարձել է ՌՊԼ-ի լավագույն ասիստենտ: 12 փոխանցումներին նա ավելացրել է իր խփած 10 գոլն ու 22 միավորով «գոլ+փոխանցում» վարկանիշում զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։
Ավելորդ չէ նշել, որ հունիսի 11-ին «Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչում մրցելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ և հաղթելու դեպքում Սպերցյանը կկարողանա իր թիմի հետ նվաճել առաջին տիտղոսը, որն էլ մեր երիտասարդ ֆուտբոլիստի երազանքն ու գլխավոր նպատակն է։
Սպերցյանը Հայաստանի հավաքականում անցկացրել է 15 հանդիպում ու դարձել 3 գոլի հեղինակ։
Նա հրավիրվել է ազգային հավաքական` մասնակցելու հունիսի 16-ին
Ուելսի և հունիսի 19-ին` Լատվիայի հետ առաջիկա խաղերին։
© Armenian Soccer 2023