Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ։
Հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ Հայաստանի բրոնզե մեդալակրի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է սպասվելիք դիմակայության մասին։
«Բալկանյան ֆուտբոլը, որը ներկայացնում է Ալբանիան, միշտ ուժեղ է եղել։ Հավաքականի մակարդակով ևս, թիմը միշտ լավ արդյունքներ է ցույց տալիս։ Մի քանի տարի առաջ նրանք նույնիսկ խմբային փուլը հաղթահարեցին։
Ինչ վերաբերվում է «Էգնատիային», ապա լավ թիմ է։ Ինչքանով որ մենք ենք ուսումնասիրել, նրանք մեկ տարվա մեջ 20 նոր տրանսֆեր են արել, որովհետև, ինչպես հասկացանք, նրանց մոտ ֆինանսական առումով կայուն վիճակ է։ Նրանք ցանկանում են եվրոպական ակումբային ասպարեզում հաջողություններ ունենալ։
Իհարկե, երբ տանն ենք խաղում, փորձում ենք իշխող ֆուտբոլ ցուցադրել, բայց գիտեք՝ ամեն թիմ խաղում է այնքան, որքան իրեն թույլ է տալիս մրցակիցը։ Մենք փորձելու ենք վերահսկել գնդակը, բայց նաև չենք մոռանալու, որ սա երկխաղյա դիմակայություն է»,- ասել է Մինասյանը։
«Արարատ-Արմենիա» – «Էգնատիա» հանդիպումը կկայանա այսօր` հուլիսի 13-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։
© Armenian Soccer 2023