Armenian Soccer
Armenian Soccer

«Հաղթելու մեծ շանսեր ունենք». Եղիշե Մելիքյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային տուրի առաջին խաղում «Փյունիկը» կմրցի էստոնական «Նարվա Տրանսի» հետ։

Հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է թիմի նախապատրաստությանը, սելեկցիային ու գնահատել «Փյունիկի» հաղթելու շանսերն առաջիկա խաղում։

«Լավ պատրաստվել ենք «Նարվա Տրանսի» դեմ խաղին, ուսումնասիրել ենք մրցակցին: Նախապատրաստվելու համար բավականին ժամանակ ունեինք, լավ աշխատանք ենք տարել: Ֆուտբոլիստները մարտական են տրամադրված, կա վստահություն: Պետք է լուրջ մոտենանք խաղին, քանի որ վտանգավոր մրցակից ունենք։ Նոր գլխավոր մարզիչ ունեն, դիտել ենք նրանց անցկացրած վերջին 5 խաղերը:

Գոհ չեմ ակումբի սելեկցիոն աշխատանքից, բայց մեղավորներից մեկը ես եմ: Կարող էինք ավելի ուժեղ կազմ ունենալ, բայց սա էլ վատը չէ:

Ինչ վերաբերում է Լուկա Յուրիչիչի ապագային, ապա հստակ բան չեմ կարող ասել, քանի որ տրանսֆերային պատուհանը դեռ բաց է: Իսկ մեր նորեկներ դեռ պետք է հարմարվեն թիմին։

Հաղթելու մեծ շանսեր ունենք «Նարվա Տրանսի» դեմ խաղում, եթե ստացվի իրագործել մեր պատրաստած ծրագիրը»։

«Փյունիկ» — «Նարվա Տրանս» հանդիպումը կկայանա այսօր` հուլիսի 13-ին, Աբովյանի քաղաքային ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Էստոնիայում:

© Armenian Soccer 2023