Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Սուրեն Չախալյանը Լատվիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ արտագնա խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:
«Խաղի դասավորության մասին կրկին նախապես ոչինչ չեմ ասի: Ինչ վերաբերում է կազմին՝ փոփոխություններ անպայման կլինեն, քանի որ ընդամենը երեք օր է անցել, և մեզ թարմ ուժեր են պետք:
Թիմում ներքին մոտիվացիա կա, ես դա տեսնում եմ, և դա շատ կարևոր է: Այո, վաղվա խաղը երկու թիմերի համար էլ շատ կարևոր է: Հաղթանակի դեպքում մենք իրավունք կստանանք կրկին մնալու նույն դիվիզիոնում: Տղաները շատ լավ պատրաստվում են, և միակ նպատակը վաղը դրական արդյունք ապահովելն է:
Լատվիայի հավաքականը մեզ հետ առաջին խաղից հետո փոխվել է: Թիմն ավելի կարգապահ է դարձել, ավելի սուր է խաղում հարձակման գծում, դրա համար մեզ շատ բարձր կենտրոնացում է պետք վաղվա խաղում։
Սերգեյ Մուրադյանը շատ բարդ խաղ էր անցկացրել ակումբում և ավելի շատ հոգեբանորեն պատրաստ չէր հանդիպմանը: Մենք դա նկատել էինք մարզումների ժամանակ, դրա համար ընտրեցինք Գեորգիին: Նա և Սերգեյը մեր թիմի ապագան են։ Ես հավատում եմ նրանց և վստահ եմ, որ նրանք ապագայում կդառնան կենտրոնական պաշտպանի դիրքում մեր լավագույնների արժանի փոխարիները:
Խաղը հենց սկզբում այնպես չգնաց, ինչպես պլանավորել էինք, դրա համար խաղի ընթացքում էլ դիրքային փոփոխություն արեցինք: Հետո արդեն Միրանյանի փոխարեն Ռանոսը մտավ, խաղը արագացավ: Այնպես չէ, որ փոխարինվածները վատ էին խաղում, պարզապես մեր տակտիկական հանձնարարությունները չէին ստացվում, և պետք էր ինչ-որ բան փոխել»,- ասել է Չախալյանը:
© Armenian Soccer 2024