Արդեն ավարտվել է Armenian Soccer Awards-2023-ի քվեարկությունը։
Իսկ դա նշանակում է, որ հայտնի են դարձել մեր կայքի մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրները։ Սակայն այս անգամ Armenian Soccer-ը որոշել է նախօրոք չհրապարակել լավագույնների անուններն ու մինչև միջոցառմանը օրը պահել ինտրիգը։
Մինչև այդ առաջարկում ենք վերհիշել Armenian Soccer Awards-2022-ի մրցանակակիրներին։
Լավագույն դարպասապահ էր ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» արդեն նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։ Վերջինս ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան ու այժմ հանդես է գալիս սիրողական մակարդակում։
Լավագույն պաշտպանը «Արարատի» ավագ Հրայր Մկոյանն էր, որը դեռ շարունակում է պաշտպանել երևանյան թիմի գույները։
Լավագույն կիսապաշտպան անվանակարգում հաղթել էր «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը, որն այժմ հանդես է գալիս «Փյունիկում»:
Լավագույն հարձակվողին պարզել չէր հաջողվել, քանի որ «Փյունիկի» արդեն նախկին հարձակվողներ Ուգո Ֆիրմինուն և Սերժ Դեբլեն ստացել էին հավասար միավորներ։
Հետևաբար մրցանակ տրամադրվել էր երկու ֆուտբոլիստներին էլ։
Լավագույն մարզիչ էր ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որն այժմ էլ իր թիմի հետ հիանալի արդյունքներ է գրանցում։
Լավագույն հայ ֆուտբոլիստը կրկին Հենրիխ Մխիթարյանն էր, որն այն ժամանակ դեռ նոր էր տեղափոխվել Միլանի «Ինտեր», իսկ այսօր պատմություն է կերտում։
Լավագույն երեք գոլերը հեղինակել էին Ժիրայր Շաղոյանը, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայում», իսկ այժմ Սոֆիայի ԲԿՄԱ-ում է, Գրենիկ Պետրոսյանը (ԲԿՄԱ) և «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Ֆոֆանա Բեկոն։
Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցում են լրատվամիջոցների, Fastex ՀՊԼ-ի մասնակից ակումբների և ՀՖՖ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Armenian Soccer-ի փորձագիտական խումբը։
Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։
Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։
© Armenian Soccer 2023