Երևանի «Արարատի» և ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեծ ուրախությամբ եմ երկարաձգում ակումբի հետ պայմանագիրս: «Արարատն» ինձ համար յուրահատուկ ակումբ է, որտեղ աշխատում են հիանալի մարդիկ: Միասին ամեն ինչ պետք է անենք նոր մրցաշրջանում մրցունակ թիմ ունենալու և նախորդ մրցաշրջանի համեմատ քայլ առաջ կատարելու համար»,- ասել է Գագիկ Սիմոնյանը:
Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատն» անցկացրել է 2022/23թթ. մրցաշրջանի վերջին 12 հանդիպումները՝ գրանցելով չորս հաղթանակ, չորս ոչ-ոքի և չորս պարտություն:
«Ուրախ ենք, որ Գագիկ Սիմոնյանը շարունակելու է աշխատել «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում,- ասել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը: — Նրա գլխավորությամբ վերջին հանդիպումներում ակնհայտ էր թիմի խաղային առաջընթացը և լիահույս ենք, որ այդ առաջընթացը կշարունակվի, և թիմին դրական արդյունքներ կբերի նոր մրցաշրջանում»:
51-ամյա Գագիկ Սիմոնյանը որպես ֆուտբոլիստ խաղացել է «Վանում», «Արարատում», «Բանանցում» և «Ուլիսում», ինչպես նաև Լիբանանի առաջնության ՀՄՄ և «Թադամոն Սուր» ակումբներում։ Գագիկ Սիմոնյանը նաև մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի Ազգային հավաքականում: Որպես մարզիչ աշխատել է Երևանի «Ուլիսում» և «Արարատում»:
Գագիկ Սիմոնյանի մարզչական շտաբում կշարունակեն աշխատել Գևորգ Պողոսյանը, Ռաֆայել Սաֆարյանը և Արա Աբրահամյանը:
© Armenian Soccer 2023