Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Vbet ՀՀ առաջնության 22-րդ տուրի «Վանի»(1:1) հետ հանդիպումներից հետո կիսվել է իր տպավորություններով.
— Իմ կարծիքով շատ բան չկա ասելու: Թիմը վատ հանդիպում չանցկացրեց: Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից և խաղի որակից: Ընդամենը, կարելի է ասել, որ այսօր մեր օրը չէր: Նման խաղաոճով խաղացող թիմի դեմ կարողացանք 4-5 գոլային պահ ստեղծել, ցավոք չկարողացանք օգտագործել գոնե ևս մեկը ու ցավալի գոլ բաց թողեցինք ստանդարտ դրությունից: Վերլուծելով հակառակորդի խաղը, մենք պատրաստ էինք այս սցենարին, որ հակառակորդը խաղալու է խորը պաշտպանությունից՝ շեշտը դնելով հակագրոհների վրա և բավական լավ օգտագործում է ստանդարտ դրությունները: Ամեն դեպքում, ֆուտբոլ է և լինում են դեպքեր, երբ լավ խաղից բավարարված ես, սակայն միավորներ ես կորցնում: Շարժվում ենք առաջ: Պետք է վերականգնվենք և պատրաստվենք հաջորդ խաղերին:
— Համաձայն եմ, որ ձեր օրը չէր, սակայն բացի բախտի գործոնից, առջևի գծի ֆուտբոլիստներից դժգոհ չե՞ք պահերի իրացման առումով:
— Ինչպե՞ս կարող եմ դժգոհություն ունենալ: Ոչ ես, ոչ դուք, ոչ էլ երկրպագուներն իրենցից շատ չեն ցանկանա պահերն իրացնել: Չի ստացվում: Ինչքան էլ դժվար լինի, պետք է կարողանանք պահպանել սառնասրտությունը և պետք է կարողանանք վստահություն ներշնչենք: Այսօր չգնաց, վաղը կգնա: Կարևորը խաղ կա և կարողանում ենք պահեր ստեղծել: Ճիշտ է, հիմա առաջնության վճռորոշ հատվածն է: Բնականաբար այսօր, աղյուսակին նայելով, թիմերը տարբեր առաջադրանքներ ունեն: «Արարատը» պայքարում է չեմպիոնության համար, իսկ «Վանը» որքան հնարավոր է բարձր տեղերի համար: Հոգեբանական առումով երևի «Վանն» ավելի նախընտրելի դրությունում է: Օրինակ, Ուրոշ Նենադովիչը վերջին խաղերին առանց գոլի չի հեռանում դաշտից, այսօր էլ գոլ խփեց ու էլի պահ ուներ: Չեմ ցանկանում դա կապել բախտի գործոնի հետ: Ընդամենը պետք է կարողանալ գոլ խփել:
©2021 Armenian Soccer