Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» նոր տարվա 1-ին խաղում ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ

2021 թ  առաջին խաղում Երևանի «Ուրարտուն» գոլառատ ոչ-ոքի գրանցեց։    «Փյունիկի» հետ խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ Ջոնել Դեսիրեն ու Էդգար Գրիգորյանն աչքի ընկան «Ուրարտուից», իսկ Լևոն Վարդանյանն ու Արտյոմ Ավանեսյանը՝ «Փյունիկից»:
Հունվարի 6-ից սկսելով նախապատրաստությունը՝ «Ուրարտուն» 1-ին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ սեփական հարկի տակ ուժերը չափելով Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ ելույթ  ունեցող  «Փյունիկի» հետ։ 1-ին խաղակեսն անցավ «Ուրարտուի» առավելությամբ։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կարողացան 2 գոլ խփել․ նախ՝ անհատական անցումից հետո աչքի ընկավ VBET ՀՀ պրեմիեր լիգայի 1-ին հատվածի լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն, իսկ 11 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը կրկնապատկեց Էդգար Գրիգորյանը։ Մինչև ընդմիջում «Փյունիկի» ֆուտբոլիստները կրճատեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Լևոն Վարդանյանը։
2-րդ կեսում Ալեքսանդր Գրիգորյանը գրեթե ամբողջությամբ փոխեց թիմի կազմը՝ խաղաժամանակ տալով իր տրամադրության տակ գտնվող մյուս ֆուտբոլիստներին։ Երկրորդ կեսի 53-րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Աչքի ընկավ Արտյոմ Ավանեսյանը։ Խաղի վերջնամասն էլ անցավ դիտարժան պայքարում։ Խաղադաշտ դուրս եկան նաև «Ուրարտու-2»-ից գլխավոր թիմը համալրած ֆուտբոլիստները, սակայն նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ «Ուրարտու» — «Փյունիկ»՝ 2:2։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի հունվարի 23-ին՝ սեփական մարզաբազայում ընդունելով Երևանի «Արարատին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 14։00-ին։
«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՓՅՈՒՆԻԿ»` 2:2՝
1-0 Ջոնել Դեսիրե (16’), 2-0 Էդգար Գրիգորյան (27’), 2-1 Լևոն Վարդանյան (41’), 2-2 Արտյոմ Ավանեսյան (53’):

©2021 Armenian Soccer