Armenian Soccer
Armenian Soccer

Անսովոր նախապատրաստություն. Ինչպես են համալրվել Բարձրագույն խմբի թիմերը՝ նոր սահմանափակման պայմաններում

Armenian PL Transfers
Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի հերթական առաջնությունը: Այս առաջնությունն առանձնանում է նրանով, որ թիմերը նախապատրաստական շատ կարճ ժամանակահատված ունեցան, և այդ կարճ ժամանակում պետք է կարողանային լրացնել իրենց կազմերի բացերը: Բացի այդ, այս մրցաշրջանում լեգիոներների նոր սահմանափակում կա. թիմերը պետք է իրենց մեկնարկային կազմերում պարտադիր երկու հայ ֆուտբոլիստ ունենան (Հայաստանի հավաքականի անդամ, կամ էլ մանկապատենական կարիերայի 3 տարիները Հայաստանում անցկացրած), և ակումբներն իրենց տրանսֆերային քաղաքականության մեջ դա էլ պետք է հաշվի առնեին: Armenian Soccer-ը վերլուծել է Բարձրագույն խմբի 10 ակումբների նախապատրաստությունը նոր մրցաշրջանին:

«Արարատ-Արմենիա». Հայաստանի չեմպիոնը առաջնության ավարտից հետո միանգամից լուրջ փոփոխության գնաց: Վարդան Մինասյանը երկրորդ չեմպիոնությունից հետո հեռացավ, նրան փոխարինեց Հայաստանում արդեն հայտնի իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան: Այս պահին ամենամեծ հարցն այն է, թե որքան արագ կկարողանա «Արարատ-Արմենիան» հարմարվել նոր մարզչի պահանջներին:

Մինասյանի օրոք «Արարատ-Արմենիան» տակտիկապես շատ ճկուն չէր: Մինասյանը կարողանում էր արդյունք ապահովել, բայց, ամենայն հավանականությամբ, ակումբի ղեկավարությունը ձգտում է նրան, որ մյուս ակումբների նկատմամբ բյուջեի առավելությունը զգալի լինի նաև մրցաշարային աղյուսակում: Բացի այդ թիմը հեռանկարում հավակնում է դառնալ եվրագավաթային՝ իր առջև նպատակ դնելով դուրս գալ եվրագավաթներից մեկի խմբային փուլ: Կամպանիայի հրավերը այդ ուղղությամբ արվող հերթական քայլն էր: Բայց, բացառված չէ, որ այդ ճանապարհին ակումբը զոհի եվրագավաթային այս շրջափուլը: Նախ, իսպանացին գրեթե ժամանակ չի ունեցել ծանոթանալու նոր թիմի հետ: Բավական ժամանակ կպահանջվի, որպեսզի ֆուտբոլիստները հասկանան նրա գաղափարները: Պոտենցիալով՝ «Կամպանիա+«Արարատ-Արմենիա» տանդեմը կարող է վերածվել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող ուժեղ կազմով թիմի, սակայն շատ բան կախված է ֆուտբոլիստներից:

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
Կամպանիան պետք է հասկանա՝ որքանով են «ձեռքի տակ» եղած ֆուտբոլիստները համապատասխանում իր պահանջներին: Արդյոք՝ կարիք կա փոխել կազմը իր պահանջներին համապատասխան, թե, միգուցե, հարմարվել եղած խաղացողներին: Սուպերգավաթային խաղում 3-4-2-1 մարտավարությունը իրեն չարդարացրեց:
Ստեղծված կորոնավիրուսային պայմաններում ակումբը բավականին պասիվ էր տրանսֆերային պատուհանի ընթացքում, թեև համալրումներ, ամենայն հավանականությամբ, դեռ կլինեն:

«Արարատ-Արմենիան» պայմանագիր ստորագրեց իսպանացի Դավիդ Ումանեսի հետ, ով պետք է փոխարինի թիմից հեռացած Դմիտրի Գուզին: Ումանեսի ձեռքբերումը միտված է մեկնարկային կազմի ուժեղացմանը, պարզ չէ սակայն, ով կլինի նրա զույգը պաշտպանության կենտրոնում, իսկ եթե 3 պաշտպաններով խաղան, ինչպես կդրսևորեն իրենց Վակուլենկոն ու Անջելո Մենզեսը: Կիսապաշտպան Ալեմաոն էլ պետք է ուժեղացնի մրցակցությունը միջին գծում: Իսկ ահա Անտոն Կոբյալկոյի հեռանալուց հետո երրորդ կենտրոնական հարձակվողը չեմպիոններին չէր խանգարի:

Նոր լիմիտի հետ կապված խնդիրներ «Արարատ-Արմենիայում» դժվար թե առաջանան: Ակումբն ունի ակադեմիա, և հայտացուցակում 9 հայ ֆուտբոլիստների պայմանին համակերպվելը դժվար չի լինի: Վարդան Մինասյանը հիմնական կազմում գրեթե միշտ 1-2 հայ ֆուտբոլիստ ունենում էր, այնպես որ մեկնարկային կազմի սահմանափակման հետ էլ ամեն ինչ կարգին կլինի: Թիմից հեռացավ Գոռ Մալաքյանը, ով հայ ֆուտբոլիստներից ամենաշատն էր խաղաժամանակ ստանում թիմում: Նրա փոխարեն Կամպանիան «Լոռիից» հրավիրեց իր հին ծանոթ Սարգիս Շահինյանին, ով իր երկրորդ խաղում արդեն թիմի ավագի թևապով էր: Բացի Շահինյանից հիմնական կազմում հաճախ կարող ենք տեսնել պաշտպան Արթուր Դանիելյանին կամ Ալբերտ Խաչումյանին: Հիմնական կազմի խաղացող կհանդիսանա նաև Արմեն Համբարձումյանը, իսկ երիտասարդներից մի քանիսը (Արմեն Նահապետյան, Հովհաննես Հարությունյան, Արամ Խամոյան…) դաշտ դուրս գալով չեն թուլացնի թիմի խաղը առջևի գծում:
—————————————————
«Նոա». Նախորդ մրցաշրջանի հայտնությունը կարող է այս տարի ևս անակնկալի հեղինակ դառնալ՝ չեմպիոնական պայքարում ձեռնոց նետելով փոփոխությունների շեմին գտնվող «Արարատ-Արմենիային»: Իգոր Պիկուշչակի գլխավորած թիմը, առաջին հերթին, առանձնանում է իր կայունությամբ. «Նոան» պահեց իր մարզչին, պահեց թիմի հիմնական կորիզը և այժմ պարտավոր է շարունակել իր վերելքը դեպի հայկական ֆուտբոլի բարձունք:

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
Լիմիտը առաջին հերթին պետք է անդրադառնար հենց «Նոայի» տրանսֆերային քաղաքականության վրա: Այդպես էլ եղավ, և ակումբը գերազանց դուրս եկավ իրավիճակից: Չունենալով սեփական կադրեր, բացի այդ, զրկվելով այն քիչ հայ ֆուտբոլիստներից մեկից, ով նախորդ մրցաշրջանում մասնակցեց թիմի հաջողությունների կերտմանը (եզրային պաշտպան Էդգար Գրիգորյանը վարձավճարով էր «Նոայում») ակումբը շատ լավ տրանսֆերային քաղաքականության շնորհիվ կարողացավ «լուծել» լիմիտի հարցը:

Հիմնական կազմի խաղացողներ համարվող Բենիկ Հովհաննիսյանին ու Յուրի Գարեգինյանին միացան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտյոմ Սիմոնյանն ու Ժոաո Մոնրոյ Արարատը, «Լոռիից» «Նոա» տեղափոխվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արման Մկրտչյանը: Հայտացուցակում հայ ֆուտբոլիստների քանակը լրացնելու համար «Դիլիջանից» հրավիրվեց դարպասապահ Սամվել Հունանյանը, «Շիրակից» միացավ պաշտպան Վարդան Շախբազյանը (հակառակ ուղղությամբ մեկնեց Հովհաննես Նազարյանը), «Վանից» հետ կանչվեց պաշտպան Արթուր Ստեփանյանը:
Բացի այդ թիմը լուրջ համալրում ստացավ «Արարատից»՝ ի դեմս Դենիս Դեդեչկոյի, ով շատ արագ հարմարվեց «ռուսական կորիզ» ունեցող թիմին: Այժմ արդեն «Նոայի» մրցակիցները պետք է վախենան ոչ միայն Կիրիլ Բոռի, այլև Դենիս Դեդեչկոյի «մահացու» տուգանայիններից:

Մայրաքաղաքային ակումբի կազմը համալրել են նաև պորտուգալացի Ալեքսանդր Օլիվեյրան և ուկրաինացի Նիկիտա Դուբչակը, որոնց մասին կարծիք հնարավոր կլինի կազմել արդեն մրցաշրջանի ընթացքում:
—————————————————
«Ալաշկերտ». Հայաստանի վերջին տարիների ուժեղագույն թիմերից մեկը առաջին լիարժեք մրցաշրջանն է անցկացնելու Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ: «Ալաշկերտը» համարվում է չեմպիոնության հավակնորդներից մեկը, սակայն շանսերը շատ ավելի բարձր կլինեին, եթե մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմը չզրկվեր իր վերջին երկու մրցաշրջանների լավագույն ֆուտբոլիստից՝ Գուստավո Մարմենտինիից, ով տեղափոխվեց Իսրայել: Հավանաբար, Մելիքյանը կփորձի խաղը կառուցել մեկ այլ բրազիլացու՝ Տիագո Գալվաոյի շուրջը:

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
Ավանդաբար «Ալաշկերտում» շատ են եղել Հայաստանի հավաքականի անդամ հանդիսացող փորձառու ֆուտբոլիստներ: Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռացան Էդգար Մանուչարյանը, Հայկ Իշխանյանը, դարպասապահ Հենրի Ավագյանը, մի քանի լեգիոներներ: Սակայն հեռացած հայ ֆուտբոլիստների փոխարեն կազմը համալրվեց նոր փորձառու հայ ֆուտբոլիստներով՝ Հայաստանի հավաքականի անդամ Ռումյան Հովսեփյան, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Աղվան Պապիկյան ու Գրիգոր Աղեկյան: Հովսեփյանը կարող է աստիճանաբար դառնալ հիմնական կազմի խաղացող, այդ դեպքում կենտրոնում «Ալաշկերտը» կունենա Գրիգորյան — Հովսեփյան հավաքականի կենտրոնական կիսապաշտպանների զույգը: Աղեկյանը կփորձի փոխարինել Գլիշիչին, երբ վերջինս հանգստի կարիք ունենա: Պապիկյանի ապագան հայկական թիմում առայժմ անորոշ է, ամեն ինչ կախված է ֆուտբոլիստից: Իսկ Մարմենտինիին կփորձի փոխարինել իր հայրենակից Պերդիգաոն:

Հաշվի առնելով թիմում մեծ քանակի հայ ֆուտբոլիստների առկայությունը, «Ալաշկերտը» դժվար թե խնդիրներ ունենա լեգիոներների սահմանափակման հետ: Թիմում հանդես են փորձառու Տարոն Ոսկանյանը, Գագիկ Դաղբաշյանը, Արտակ Գրիգորյանը, Վահագն Հայրապետյանը, Գոռ Մանուկյանը, Հայկ Գալստյանը, որոնց միացել են Հովսեփյանը, Պապիկյանն ու Աղեկյանը: Բացի այդ, «Ալաշկերտը» երկրորդ կազմ ունի, որի ֆուտբոլիստները կարող են հարկ եղած դեպքում հայտնվել հայտացուցակում: Այնպես որ տրանսֆերային պատուհանի մնացած հատվածում, միգուցե նոր տրանսֆերներ էլ լինեն՝ արտերկրից:
—————————————————
«Շիրակ». Մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո Գյումրիից եկած նորությունները տագնապի մեջ էին պահում գյումրեցի երկրպագուներին: Ի վերջո, նախորդ տարվա փայլուն կազմի կորիզը տեղափոխվեց «Արարատ»՝ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ: Փոխվեց ակումբի նախագահը: Թվում է՝ այս մրցաշրջանը «Շիրակի» համար պետք է անցումային լինի, չնայած՝ թիմը պետք է հանդես գա եվրագավաթներում:

Մի պահ այնպիսի տպավորություն էր, որ «Շիրակը» ամբողջովին բաժանվելու է իր բոլոր առաջատարներից, և դաշտում տեսնելու ենք «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստներին: Սակայն ակումբի ղեկավարությունը կարողացավ ստեղծված իրավիճակում որոշակի ելքեր գտնել: Ամենակարևորը՝ ակումբը շարունակեց մարզչական ղեկը վստահել տեղացի մարզիչներին: Բիչախչյանի փոխարեն թիմը գլխավորեց «Շիրակի» լեգենդներից մեկը՝ Տիգրան Դավթյանը:

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
«Շիրակում» գերակշռում են հայ ֆուտբոլիստները, այնպես որ լիմիտի հետ խնդիրներ ու դրանք լուծելու անհրաժեշտություն չեն լինի: Առայժմ հարցական է Մորի Կոնեի՝ թիմում մնալու հարցը: Թվում է՝ Կոնեն ոչ մի կերպ չհամաձայնեց տեղափոխվել «Շիրակից» հայկական մեկ այլ ակումբ, բայց հարց է՝ արդյոք նա կմնա թիմում եվրագավաթներից հետո, թե ոչ: Եթե գյումրեցիներին հաջողվի պահպանել նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլսիտին, ապա դա մեծ հաջողություն կլինի թիմի համար: Գյումրիում մնաց նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արման Ասլանյանը, պայմանագիրը երկարաձգեցին Արտյոմ Գևորգյանն ու Ավո Լեյբ Ջունիորը: Հնաբնակներից «Շիրակում» մնացին Աղվան Դավոյանը, Արտյոմ Միքայելյանն ու Արամ Մուրադյանը: Այս կորիզի շուրջ էլ սկսեց հավաքվել նոր կազմը:

40-ամյա Գևորգ Կասպարովը, չնայած տարիքին, շարունակում է մնալ Հայաստանի լավագույն դարպասապահներից մեկը, այնպես որ թիկունքի համար գյումրեցիները կարող են հանգիստ լինեն: Խնդիր կարող է լինել պաշտպանության կենտրոնում, որտեղ Արտյոմ Միքայելյանի հետ զույգ է կազմում նոմինալ եզրային պաշտպան Վարդան Արզոյանը: «Շիրակի» կազմը տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրեցին մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր հայկական մյուս ակումբներում հիմնականում պահեստայինի կարգավիճակ ունեին՝ Հովհաննես Նազարյանը, Վարդան Բակալյանը, Էմիլ Եղիազարյանը, Մարտին Գրիգորյանը, Պետրոս Աֆաջանյանը. նրանք կփորձեն «Շիրակում» ապացուցել, որ ի զուր իրենց հետ հույսեր չէին կապում:

Բացի այդ, «Շիրակը» համալրվեց «Արարատի» երեք երիտասարդ ֆուտբոլիստներով՝ Արսեն Սադոյան, Էրիկ Վարդանյան (չշփոթել «Սոչիի» կիսապաշտպանի հետ), Հրաչյա Գեղամյան: Ընդ որում, երեքն էլ «Ուրարտուի» սան են և նոր էին տեղափոխվել «Արարատ»: Մորի Կոնեի հեռանալու դեպքում ավելի շատ խաղաժամանակ կստանա Լյովա Մրյանը, որի հետ Գյումրիում մեծ հույսեր են կապում:

Թեև «Շիրակը» լուրջ կարդային կորուստներ ունեցավ, սակայն գյումրեցու «թասիբը» ոչ մի տեղ չի անհետացել, այնպես որ շատ վաղ է խաչ քաշել այս թիմի վրա:
—————————————————
«Լոռի». Իսկ ահա վանաձորյան ակումբի ապագան շատ ավելի մշուշոտ է: Մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռացել են գլխավոր մարզիչն ու գրեթե ամբողջ կազմը: Ֆուտբոլիստների մեծ մասը իրենց համար նոր ակումբներ են գտել Հայաստանում, մինչդեռ «Լոռին» երկշաբաթյա կարանտինից դուրս գալուց հետո դեռ նոր է փորձում ուշքի գալ: Թիմն արդեն բաց թողեց առաջնության մեկնարկային տուրը, հարցականի տակ է ամբողջ առաջնության մասնակցությունը: Վանաձորյան ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի՝ ի դեմս Սոլոմոնովի, բայց կազմի հարցում անորոշություն է: Հայտնի չէ՝ ինչ տրանսֆերներ են եղել, ովքեր են մնացել թիմում:

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
Եթե «Լոռին» հանդես գա առաջնությունում, թիմի դարպասը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի Վարդան Շահատունին: Մնացել է նաև թիմի ավագ, եզրային պաշտպան Արթուր Ավագյանը: Մնացած դիրքերում ամեն ինչ մշուշոտ է, և ոչինչ հնարավոր չէ հասկանալ: Մնում է հուսալ, որ վանաձորցիները կկարողանան լուծել բոլոր խնդիրները, և առաջնությունը չի զրկվի իր մարզային թիմերից մեկից:
—————————————————
«Արարատ». Հերթական տոտալ վերափոխումը «Արարատի» ոչ միյան կազմում, այլև ղեկավարությունում: Նոր գլխավոր տնօրեն, նոր գլխավոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ… Սակայն այս անգամ խաղային օղակների փոխհամաձայնության կարգավորման հարց չպետք է լինի:

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
«Նոր» «Արարատը» գրեթե նույն 2019/20 մրցաշրջանի «Շիրակն» է՝ նույն գլխավոր մարզչով: Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Վսևոլոդ Երմակովը, Ուրոշ Նենադովիչը, Ժիրայր Մարգարյանը , Մարկո Պլյևիչը, Կարեն Մուրադյանը, Հրայր Մկոյանը՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Եվրոպայի լիգան փոխեցին Երևանի «Արարատի» հետ: Եթե այս կազմին միանար նաև Մորի Կոնեն, ապա «Արարատը»՝ ուժեղացված նաև «Լոռիի» պաշտպաններ Կրիստիան Խիմենեսով ու Խուան Բրավոյով, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանով, հայկական ֆուտբոլին շատ լավ ծանոթ Իգոր Ստանոյևիչով, ինչպես նաև «Արարատում» մնացած Կոզլովով, Խուրցիձեով, Սպիչկայով, կարող էր չեմպիոնության լուրջ հավակնորդ լինել: Անկասկած՝ «Արարատը» պայքարելու է բարձր տեղերի համար, սակայն չեմպիոնության լուրջ հավակնորդ դառնալու համար թիմին գոլ խփող ուժեղ կենտրոնական հարձակվող է պետք:

Ինչ վերաբերում է լեգիոներների սահմանափակմանը, ապա այստեղ խնդիրներ առաջանալ չեն կարող, քանի որ Բիչախչանի թիմերում հայ ֆուտբոլիստները միշտ էլ քիչ չեն եղել, բացի այդ, «Արարատի» երկրորդ կազմի ֆուտբոլիստներն էլ հարկ եղած դեպքում կարող են օգնության հասնել:
—————————————————
«Ուրարտու». Ձախողված մրցաշրջանից հետո Երևանի «Ուրարտուն» պատրաստվում է վերադառնալ առաջատար դիրքեր, և միջմրցաշրջանը ցույց տվեց, որ թիմը դրա համար ամեն ինչ ունի՝ սկսած բարձրակարգ մարզչից, ով միշտ իր առջև բարձր նպատականեր է դնում, վերջացրած արդյունավետ տրանսֆերներով:

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
Սահմանափակման հետ խնդիրներ այս թիմում պարզապես չեն կարող լինեն: Ակումբն ունի Հայաստանում լավագույն ֆուտբոլային դպրոցներից մեկը, սեփական սաներ, ովքեր կարողանում են հասնել ու ամրապդնվել հիմնական թիմի մեկնարկային կազմում: Այդ պատճառով «Ուրարտուն» տրանսֆերային պատուհանի ընթացքում շեշտը դրեց լեգիոներների ձեռքբերման վրա, իհարկե, եթե չհաշվենք այն, որ ակումբը վարձավճարից վերադարձրեց եզրային պաշտպան Էդգար Գրիգորյանին: Վերջինս նախորդ մրցաշրջանում իրեն գերազանց դրսևորեց «Նոայում», և այժմ պետք է կարողանա ամրապնդվել հարազատ ակումբի կազմում:

«Ուրարտուի» դարպասը հաստատ պաշտպանելու է Հայաստանի հավաքականի դարպասապահներից մեկը (Արսեն Բեգլարյան կամ Անատոլի Այվազով), իսկ Կարեն Մելքոնյանը, Հակոբ Հակոբյանը, Աբրահամ Պորտուգալյանը, Էրիկ Պետրոսյանը, Գևորգ Տարախչյանը հաճախ հանդես են գալիս մեկնարկային կազմում կամ փոխարինման են դուրս գալիս: Այնպես որ «Ուրարտուի» ղեկավարությունը տրանսֆերային պատուհանի ընթացքում սկսեց կազմը ուժեղացնել հայկական ֆուտբոլին լավ ծանոթ լեգիոներներով:

Մասնավորապես, կազմի համար լուրջ համալրում էր կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզի ձեռքբերումը: «Արարատից» տեղափոխվեցին բրազիլացիներ Վիտինյոն ու Ջեյմս Սանթոսը, «Լոռիի» կիսապաշտպաններ Աննան Մենսան և Ուգուչուկվու Իվուն էլ կարող են ցեմենտել թիմին միջին գիծը: Դե իսկ «Լոռիի» ևս մեկ ֆուտբոլիստի՝ հարձակվող Ջոնել Դեսիրեի տեղափոխությունը «Ուրարտուին» միանգամից վերածում է չեմպիոնության ռեալ հավակնորդի:

Ջոնելն այն ֆուտբոլիստն է, ով հարձակման գծում մեծ խնդիրներ կարող է լուծել: Իհարկե, Գրիգորյանը պետք է կարողանա նաև խաղը կառուցել այնպես, որ Դեսիրեից մեծ կախվածություն չլինի, քանի որ Հայիթիի հավաքականի ֆուտբոլիստի՝ խաղը չստացվելու դեպքում կարող է մեծապես տուժել ամբողջ թիմը: Ընդհանրապես «Ուրարտուն»՝ ի դեմս Դեսիրեի, Կոբզարի և թիմի ևս մեկ նորեկ Պոլյակովի, ունի առաջնության լավագույն հարձակման գծերից մեկը:
—————————————————
«Փյունիկ». «Փյունիկի» և «Ուրարտուի» ճակատագրերը վերջին մրցաշրջանից սկսած իրար շատ են նմանվել: Երկուսն էլ լավ մրցաշրջանից ու եվրագավաթներում հանդես գալուց հետո ձախողվեցին առաջնությունում: Երկուսն էլ լավ մարզադպրոցներ ունեն, և երկուսն էլ լուրջ ծրագրեր ունեն նոր մրցաշրջանի համար ու բազմաթիվ տրանսֆերներ են կատարել՝ թարմացնելով թիմի կազմը:

Մի պահ այնպիսի տպավորություն էր, որ CoVID-19-ի արդյունքում Արթուր Սողոմոնյանը ֆինանսական խնդիրների պատճառով կարող է լուրջ փոփոխություններ անել թիմում, ընդհանրապես հրաժարվել լեգիոներներից: Եվ մեծ թվով ֆուտբոլիստներից բաժանվելը, կարծես հենց այդ մասին էր խոսում: «Փյունիկից» հեռացան առաջատար ֆուտբոլիստներ՝ Կառլեն Մկրտչյանը, Արտակ Եդիգարյանը, Արթուր Միրանյանը, Դենիս Մահմուդովը, Անտոն Ստանկովը, Մաքսիմ Ժեստոկովը, Սերգեյ Շևչուկը, Անդրիա Դրագոյևիչը: Սակայն ակումբի հետագա քայլերը ստիպեցին «Փյունիկի» երկրպագուներին հանգիստ շունչ քաշել:

Նախ, թիմի մարզչական ղեկը վստահվեց Հայաստանի հեռանկարային մարզիչներից մեկին՝ Արտակ Օսեյանին, որի համար սա լուրջ մարտահրավեր է ամրապնդվելու հայկական ֆուտբոլում որպես գլխավոր մարզիչ և փորձելու հաջողությունների հասնել արդեն առանց Վարդան Մինասյանի:

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
Ինչպես և «Ուրարտուն», «Փյունիկն» իր կազմում ունի բավական քանակությամբ սեփական մարզադպրոցի սաներ, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որպեսզի ընդհանրապես չմտածի սահմանափակման մասին: Արաս Օզբիլիզը երկարաձգեց պայմանագիրը «Փյունիկի» հետ, հարազատ ակումբ վերադարձան Գոռ Մալաքյանն ու Արթուր Գրիգորյանը: Թիմը լուրջ համալրում ստացավ հարձակման գծում. «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց 2018/19 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Անտոն Կոբյալկոն, նույն թիմից վարձավճարով ժամանեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան Արտյոմ Ավանեսյանը, Ալեքսիս Յեուլեն էլ «Լոռիից» ուժեղացրեց թիմի պաշտպանության կենտրոնը։

Նոր «Փյունիկին» հետևելը խոստանում է բավականին հետաքրքիր լինել, հատկապես եթե առողջ լինի Օզբիլիզը։ Կոբյալկոն Հայաստանի առաջնության համար շատ ուժեղ հարձակվող է, սակայն կազմն ամբողջովին համալրելու համար թիմին անհրաժեշտ է ևս մեկ կենտրոնական հարձակվող, ով կկարողանա հարկ եղած դեպքում փոխարինել Կոբյալկոյին։
—————————————————
«Գանձասար-Կապան». Կապանյան ակումբը շարունակում է իր ընտրած ռազմավարությունը՝ ապավինել տեղացի ֆուտբոլիստներին և ունենալ քիչ լեգիոներներ: Ամենայն հավանականությամբ, կապանցիների հիմնական խնդիրը լինելու է Բարձրագույն խմբում տեղը պահպանելը։

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
«Գանձասար-Կապանում» ընդամենը 5 լեգիոներ է հայտավորված, ընդ որում, նրանցից 3-ը (Իսրայել, Ժոսեֆ Ադահ, Դիոգո Կոելյո) թիմին միացել են հենց այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, և նրանցից միայն մեկն է նորեկ Հայաստանի առաջնությունում։ Սակայն թիմի ամենալուրջ ձեռքբերումը Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանն է։

Մյուս կողմից, թիմը կորցրեց իր առաջատարներից մեկին՝ Արթուր Գրիգորյանին, բաժանվեց Գևորգ Կասպարովից, Էմիլ Եղիազարյանից, Համլետ Ասոյանից, Վարդան Պողոսյանից, Գրիգոր Աղեկյանից, ովքեր հիմնական կազմի կամ հիմնական կազմին մոտ խաղացողներ էին, իսկ նրանց համարժեք փոխարինողներ չեկան։ Պահեստայինների կարճ նստարանը առաջնության ընթացքում կարող է գլխացավանք դառնալ Արմեն Պետրոսյանի համար:
—————————————————
«Վան»․ Բարձրագույն խմբի նորեկին հետևելը չափազանց հետաքրքիր է լինելու։ Նախ թիմը ներկայացնում է Չարենցավանը և Բարձրագույն խմբի համար պետք է թարմություն լինի։ Երբ հանդիսականների մուտքը մարզադաշտ թույլատրվի, «Վանը» լրացուցիչ ուժ կարող է ստանալ իր հավատարիմ երկրպագուներից։ Բացի այդ, Առաջին խմբում իր ելույթներով «Վանը» ցույց է տվել` լավ կազմ ունի, որը լրացուցիչ ուժեղացումներից հետո լիարժեք պատրաստ է Բարձրագույն խմբի առաջնությանը։

Առաջնության մեկնարկից առաջ թիմում փոխատեղում տեղի ունեցավ․ Կարեն Բարսեղյանը թողեց գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն շարունակում է մնալ թիմում՝ փոխնախագահի պաշտոնում, իսկ Սևադա Արզումանյանը դարձավ գլխավոր մարզիչ, սակայն դրանք էական փոփոխություններ չեն՝ հաշվի առնելով, որ մարզչական շտաբը հիմնականում նույնն է։

Տրանսֆերներն ու կազմը՝ նոր սահմանափակման պայմաններում.
«Վանն» իր կազմը ուժեղացրեց Հայաստանի առաջնությունում հանդես գալու փորձ ունեցող բավականին լավ խաղացողներով։ Առաջին հերթին, իհարկե, խոսքը հարձակվող Միհրան Մանասյանի և եզրային պաշտպան Վահագն Այվազյանի մասին է։ Մանասյանը տարիներ շարունակ կայուն կերպով գոլերի հեղինակներ է դառնում առաջնությունում, իսկ Այվազյանի հեռահար հարվածները շարունակելու են գլխացավանք մնալ առաջնության դարպասապահների համար։ Դարպասապահ Հենրի Ավագյանը նույնպես լավ ձեռքբերում է և կուժեղացնի մրցակցությունը թիմում։ Հավանաբար, Սամուր Աղամագոմեդովը կլինի հիմնական դարպասապահը, սակայն վերջինս ամենակայուն դարպասապահներից չէ, այնպես որ Ավագյանը կարող է բավականին խաղաժամանակ ստանալ թիմում։

Դավիթ Ղանդիյանը նույնպես Հայաստանի առաջնությունում հանդես գալու մեծ փորձ ունի, Էբերտ Կարդոսոն էլ իրեն լավագույն կերպով չդրսևորեց «Ուրարտուում», բայց «Վանում» կարող է երկրորդ շանսը ստանալ։ «Վանի» վերջին տրանսֆերներից մեկը՝ կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Տենյաևը ձեռք է բերվել պաշտպանության կենտրոնի ուժեղացման համար, իսկ «Արարատ-Արմենիայից» վարձավճարով տեղափոխված երիտասարդ Դավիթ Նալբանդյանը հույսի ունի կայուն խաղաժամանակ ստանալ առաջնության նորեկի կազմում:

Այս մրցաշրջանը չարենցավանցիների համար շատ կարևոր է․ եթե թիմը կարողացավ ամրապնդվել Բարձրագույն խմբում՝ հետագայում կարող է արդեն ավելի բարձր նպատակներ դնել իր առջև։

©2020 Armenian Soccer