Հունիսի 3-ին, Radison Blu հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ Armenian Soccer ֆուտբոլային կայքի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։
Երեկոյին ներկա էր հայկական ֆուտբոլային աշխարհի ամբողջ ներկապնակը՝ ֆուտբոլիստներ, մարզիչներ, ակումբների աշխատակիցներ, ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, լրագրողներ՝ բոլոր այն մարդիկ, ում շնորհիվ այսօր ունենք ֆուտբոլն իր այս տեսքով:
Միջոցառման սկզբում ողջունի խոսքով հանդես եկան Armenian Soccer կայքի հիմնադիր Էդգար Պետրոսյանն ու Fastex-ի ներկայացուցիչ Կարեն Ռաֆայելյանը։
Նշենք, որ մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվում են արդեն կայացած քվեարկությամբ ընտրված, Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչները։
Այս տարի ունեինք նաև նոր անվանակարգ, որն էր` ՀՊԼ լավագույն մեկնաբան։ Դե իսկ պատվավոր այս կոչմանն արժանացավ լրագրող, VivaroMedia-ի մեկնաբան Արման Աբելյանը։ Արմանին մրցանակը հանձնեց լեգենդար, բազմափորձ ու բոլորի համար սիրելի Սուրեն Բաղդասարյանը։
Վերջինս ընդգծեց, որ շատ հաճելի է, երբ կարևորվում է նաև մեկնաբանի աշխատանքը։
«Լավագույն դարպասապահ» ճանաչվեց Հայաստանի նորընծա չեմպիոն «Ուրարտուի» ռուսաստանցի դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը։ Ալեքսանդրն այս մրցաշրջանում շատ անգամներ է փրկել իր թիմին վերահաս գոլերից ու պարտություններից։
Նրան մրցանակը հանձնեց ՀՖՖ գործկոմի անդամ, «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։
«Լավագույն պաշտպանը» ևս «Ուրարտուից» է` թիմի ավագ Ժիրայր Մարգարյանը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հիանալի է մրցաշրջան է անցկացնել ու դեպի չեմպիոնություն տարել իր թիմին։ Վերջինիս իր մրցանակը հանձնեց ՀՖՖ գործկոմի անդամ, Sport-life կայքի խմբագիր Գոհար Նավասարդյանը։
«Լավագույն կիսապաշտպան» կոչմանն արժանացել է արդեն նախկին չեմպիոն «Փյունիկի» ունիվերսալ ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը։ Արտակն այս մրցաշրջանում նորովի է բացահայտել իրեն ու հատկապես եվրագավաթային մրցաշարերում իր ֆանտաստիկ խաղով հմայել ֆուտբոլասերներին։
Դաշյանին իր մրցանակը հանձնեց «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը։
Հերթը «Լավագույն հարձակվողինն» է, որը նույնպես «Փյունիկից» է։ Այս կոչմանն արժանացել է Լուկա Յուրիչիչը, որը կարճ ժամանակում աչքի է ընկել իր հետաքրքիր խաղաոճով ու խփած գոլերով։ Վերջինս հավակնում է նաև ՀՊԼ-ի 2022/23թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչմանը։
Լուկային մրցանակը հանձնեց ՀՖՖ գործկոմի անդամ, «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը։
Դիրքային խաղացողներից հետո իրենց մրցանակները ստացան արդեն ավարտվող մրցաշրջանի ընթացքում գրանցված լավագույն 3 գոլերի հեղինակները։
Պատվավոր 3-րդ տեղը զբաղեցրել է 26-րդ տուրի «Նոա»-«Շիրակ» խաղում Ռուբեն Եսայանի խփած գոլը։
Թերևս երեկոյի ամենահուզիչ պահերից մեկն էր, քանի որ Ռուբենին իր մրցանակը հանձնում էր հայրը` «Նոայի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը։
2-րդ տեղում 33-րդ տուրի «Արարատ-Արմենիա»- «Վան» խաղում գրանցված` Հակոբ Հակոբյանի գոլն էր։
Նրան իր մրցանակը հանձնեց «Վանի» ֆուտբոլիստ, StreetballArmenia-ի հիմնադիր Դավիթ Մանոյանը։
Եվ իհարկե մրցաշրջանի լավագույն գոլը… պատվավոր առաջին հորիզոնականում 28-րդ տուրի «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա» խաղում Արաս Օզբիլիսի խփած գնդակն էր, որն ուղղակի ֆանտաստիկ էր։
Արասին իր մրցանակը պետք է հանձներ «Ուրարտուի» («Բանանց») նախկին ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը, սակայն վերջինս ներկա չէր և այդ մեծ պատվին արժանացավ Armenian Soccer կայքի լրագրող Լիանա Հարությունյանը։
Ֆուտբոլիստների հետ ամեն բան պարզ է, ժամանակն է ներկայացնելու «Լավագույն մարզչին», որի կոչմանն էլ արդեն 2-րդ տարին անընդմեջ արժանացավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Մասնագետի գլխավորությամբ նախկին չեմպիոնն այս տարի էլ շարունակեց զարմացնել մեզ և սպասում ենք նույնը եվրագավաթային առաջիկա մրցաշարերում։
Մելիքյանին իր մրցանակը հանձնեց Հայաստանի ազգային հավաքականում նրա խաղընկեր, երիտասարդական հավաքականները նախկինում մարզած և ՀՖՖ Տեխնիկական Կենտրոնի սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանը:
Հերթական անգամ Armenian Soccer-ի վարկածով «Լավագույն հայ ֆուտբոլիստ» է ճանաչվում Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
Հենրիխն անգամ այս տարիքում չի դադարում աճ գրանցել ու շարունակում է իր նվաճումներով հպարտությամբ լցնել մեզ։
Ընդամենը մի քանի օրից Մխիթարյանը Ստամբուլում կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին, այսպիսով նա կլինի առաջին հայ ֆուտբոլիստը, որը կխաղա եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գլխավոր խաղում և հուսանք, որ նաև կլինի առաջինը, որը կհաղթի եզրափակչում։
Քանի որ հարգելի պատճառներով Մխիթարյանը երեկոյին ներկա չէր, իր մրցանակը կհանձնվի ավելի ուշ։
Իսկ Մխիթարյանի մասին գեղեցիկ խոսք ասաց «Ուրարտու» ակումբի կոմերցիոն հարցերով փոխտնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։
Հարկ է նշել, որ մեր բոլոր մրցանակակիրները բացի պարգևներից Fastex-ի կողմից ստացան token-ներ, իսկ «Արարատ» հայկական կոնյակների կողմից անվանական կոնյակներ։
Եվ ահա այսպես էլ ավարտվեց Armenian Soccer կայքի հերթական մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի համախմբում է ամենասիրելի ու տարածված սպորտաձևի` ֆուտբոլի ներկայացուցիչներին։
Վերջում հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվեց Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։
Առջևում հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունն է, ինչն ավելի է պարտավորեցնում մեզ ամեն օր աշխատել հոգուտ հայկական ֆուտբոլի զարգացման ու տարածման։
© Armenian Soccer 2023