«Կրասնոդարի» երկրպագուները երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Էդուարդ Սպերցյանին ճանաչել են թիմի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Քվեարկության արդյունքում 23-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 48,78 տոկոսը: Երկրորդ տեղում կոլումբիացի ռմբարկու Ջոն Կորդոբան է, որը ստացել է ձայների 19 տոկոս։ Լավագույն եռյակը եզրափակել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 խաղ, դարձել 14 գոլի և գոլային նույնքան փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանը 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Նա նաև երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով ընդգրկվել էր ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական։
© Armenian Soccer 2023