Armenian Soccer
Armenian Soccer

Սկզբում Զախարյանը, հիմա էլ Սպերցյանը

Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում են հայազգի մեր երկու ֆուտբոլիստների «Դինամոյի» խաղացող Արսեն Զախարյանի և «Կրասնոդարում» հանդես եկող Էդուարդ Սպերցյանի Եվրոպա տեղափոխվելու մասին լուրերը։

Սկզբում թեժ քննարկումներն Արսենի մասին էին, որոնք իհարկե մինչև այժմ էլ շարունակվում են։ Զախարյանին լրատվական կայքերը, բլոգերներն ու երկրպագուներն արդեն ուղարկել էին անգլիական «Չելսի»: Ցավոք 19-ամյա ֆուտբոլիստը դեռ «Դինամոյում» է։

Հետագայում էլ հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ Եվրոպայի կիրառած պատժամիջոցները, շատերը հասկացան, որ «Դինամոյից» անգլիական ակումբ տեղափոխությունն այժմ անիրատեսական է և որոշեցին 3-րդ ակումբի խառնել գործի մեջ։

Այդ ժամանակ էլ սկսեցին լուրեր պտտվել, որ Արսենը հավանաբար կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ», որտեղ որոշ ժամանակ հանդես գալուց հետո միայն կկարողանա վերջապես տեղափոխվել «Չելսի»:
Այս քննարկումները դեռ շարունակվում են, չնայած նրան, որ Արսենը, նրա գործակալը, նրա ակումբից, ինչպես նաև «Չելսիից» որոշ պաշտոնյաներ հերքել են լուրերի ճշմարտացիությունը։

Արսենի վերաբերյալ քննարկումներից հետո էլ հերթը հասավ մեր ազգային թիմի առաջատար Էդուարդ Սպերցյանին։

22-ամյա ֆուտբոլիստի խաղային առաջադիմությունից հետո էլ ավելի բուռն կերպով սկսեցին խոսել նրա եվրոպական թոփ լիգաներ տեղափոխվելու մասին։

Սկզբում ըստ լուրերի Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված էր Նիդերլանդները ներկայացնող «Էյնդհովենը»: Նշենք, որ մինչ այդ էլ կար տեղեկություն, որ նրան ցանկացել է գնել «Ֆիորենտինան», սակայն «Կրասնոդարը» մերժել է իտալական ակումբի առաջարկը։

Տևական ժամանակ Սպերցյան-«Էյնդհովեն» կապի մասին խոսելուց հետո, համացանցը ողողվեց ավելի ծանրակշիռ խոսակցություններով։

Այժմ էլ նշում են, թե Էդուարդին իրենց թիմերում են ուզում տեսնել գերմանական միանգամից 3 ակումբ ` Մյունխենգլադբախի «Բորուսիան», «Ֆրայբուրգն» ու «Բայերը»։

Ինչպես նաև քննարկվում է, թե Սպերցյանը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստին հետևում է նաև Միլանի «Ինտերը»:

Ինքը Սպերցյանը բազմիցս հերքել է նմանատիպ լուրերը, բացի այդ նշել, որ ցանկանում է մինչև ամառ օգնել իր թիմին` «Կրասնոդարին» որևէ նվաճման հասնել։

Նշենք, որ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո, իսկ Էդուարդ Սպերցյանինը` 9:

Իհարկե հաճելի է կարդալ մեր ֆուտբոլիստների անունները եվրոպական թոփ լիգաների ակումբների անունների կողքին, բայց անդադար ոչ արժանահավատ լուրեր քննարկելը չեն օգնելու նրանց` Եվրոպա տեղափոխվելու հարցում։
Մնում է սպասել այդ բաղձալի իրադարձություններին, որոնք վստահ ենք սարերի ետևում չեն և այդժամ ակտիվորեն լուսաբանել մեր տղաների նվաճումները։

© Armenian Soccer 2023