Armenian Soccer
Armenian Soccer

««Շիրակը» շարունակելու է հանդես գալ պրեմիեր լիգայում». Էդգար Թորոսյան

Հայաստանի գավաթի 2022/23թթ. խաղարկության եզրափակիչ «Շիրակ» — «Ուրարտու» (1-2) խաղի վերջում մարզային թիմի մարզչական շտաբը` ի դեմս գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի իր անհամաձայնությունը հայտնեց հանդիպման մրցավարին, սակայն այդ ամենն ուղեկցվեց ոչ սպորտային պահվածքով։
«Շիրակը» նաեւ չներկայացավ պարգեւատրման արարողությանը, ինչպես իրենք են ասում ֆեդերացիայի կազմակերպած այդ ֆարսին։

Քննարկելով տեղի ունեցածը, ՀՖՖ կարգապահական եւ էթիկայի կոմիտեն հերթական նիստում որոշել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ Էդգար Թորոսյանին զրկել իր ծառայողական պարտականությունները կատարելուց։

Այս առիթով Armenian Soccer-ը զրուցել է Էդգար Թորոսյանի հետ եւ փորձել հասկանալ ակումբի հետագա քայլերը։

Խոսելով տեղի ունեցածի մասին, «Շիրակի» գլխավոր մարզիչը նշել է, որ իսկապես տհաճ միջադեպ էր, սակայն այն ունի իր նախապատմությունը։

«Բնականաբար տհաճ միջադեպ էր։ Ես պարզապես անհամաձայնություն եմ հայտնել, որովհետև եզրափակիչ խաղում այդպիսի որոշում կայացնելն ու թիմին անհավասար պայքարում թողնելը ճիշտ չէր։
Կարծում եմ ինձ կարելի է հասկանալ, քանի որ այդ խաղի համար թիմն ամբողջ տարին պայքարել է, տանջվել է, ջանք է գործադրել ու այդ հանդիպմանը նման սցենար ուղղակի չէինք սպասում։
Եթե լիներ կարմիր քարտ կոպիտ խաղի համար, դա այլ է, բայց ըստ իս այդ դրվագում 2-րդ դեղին քարտը ցույց տալը պարտադիր չէր, դրա համար իմ ռեակցիան եղավ հնարավոր է նաեւ չափից ավելի տգեղ։
Ամեն դեպքում ֆուտբոլ է, էմոցիաներ, բացի դա շատ կարեւոր հարց էր լուծելու այդ խաղը, դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ»:

Ինչ վերաբերում է մարզչին ուղղված` ինչպես ինքն է ասում մեղադրանքներին, թե նա վիրավորել է մրցակից թիմի ներկայացուցիչներին, ապա Էդգար Թորոսյանը շեշտում է, որ դա բացառապես կապ չունի իրականության հետ։

«Ինձ, եթե կարելի է այսպես ասել մեղադրում են մրցակից թիմի մարզչին ու ֆուտբոլիստներին հայհոյելու մեջ, սակայն նման բան չկա։ Ես բացառապես դիմել եմ միայն հանդիպման մրցավարին, այո չեմ ժխտի նրա հասցեին հնչեցրել եմ հայհոյանքներ, բայց որեւէ այլ անձի ես չեմ վիրավորել։
Ասում են նաեւ, որ փորձել եմ հարվածել մրցավարին, բայց դա էլ իրականությանը չի համապատասխանում։ Տեսագրություններում էլ երեւում էլ ես բարկացած գնդակը վերցնում եմ եւ ցած նետում, այդպիսով պարզապես զայրույթս ցույց տալով։ Դրանք նյարդային էմոցիաներ էին, ոչինչ ավելին»:

ՀՖՖ-ի արդեն կայացրած կարգապահական որոշումների մասով, մասնագետն ասաց, որ ինքը համաձայն չէ դրանց հետ և անպայման բողոքարկելու են։

«Միանշանակ համաձայն չեմ ֆեդերացիայի կայացրած որոշումների հետ, քանի որ կարծում եմ, որ չափից շատ է որակազրկումը։ Մենք անպայման բողոքարկելու ենք եւ հույս ունենք, որ կստացվի ֆեդերացիայի հետ հասկանալ իրար ու ընդհանուր հայտարարի գալ»:

«Շիրակն» անդրադառնալով լատվիացի մրցավարին, իր հայտարարության մեջ նշել էր Հայաստան-Ռումինիա հանդիպումը, որտեղ մեր ազգային թիմը հաղթել էր։ Շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, որ մարզային թիմի խոսքով մեր ընտրանին հաղթել էր մրցավարի օգնությամբ, սակայն Էդգար Թորոսյանն այս հարցը ևս պարզաբանեց։

«Երբ մենք նշել ենք հավաքականի խաղի մասին, մենք նկատի ենք ունեցել այն, որ ֆեդերացիան ծանոթ է եղել մրցավարին, ճանաչել է նրան։ Իսկ գավաթի եզրափակչի համար դրսից մրցավար հրավիրելու միտքն այն է, որ ծանոթ չլինի և որևէ ազդեցություն նրա վրա չլինի»:

Քանի որ նախկինում եղել է դեպք, երբ «Շիրակը» նման անհամաձայնությունների պատճառով հրաժարվել է մասնակցել պրեմիեր լիգային, փորձեցինք պարզել հնարավո՞ր է կրկին թիմը բոյկոտի ու հրաժարվի մասնակցել Հայաստանի պրեմիեր լիգային։

Պարոն Թորոսյանը միանգամից հերքեց դա։

«Թիմը շարունակելու է հանդես գալ պրեմիեր լիգայում։ Ավելին, մենք արդեն ինչ որ չափով նախապատրաստվում ենք նոր մրցաշրջանին ու ամեն ինչ անելու ենք ավելի ուժեղ ներկայանալու համար»:

Իսկ ինչ վերաբերում է նախապատրաստությանը, «Շիրակի» մարզիչը նշեց, որ շարունակելու են հնարավորություն տալ իրենց ակադեմիայի սաներին։

«Վերջին մրցավեճերում մեր սաներից շատերն են խաղացել առաջին թիմի կազմում։ Բավականին գոհ եմ նրանց ելույթներից։
Լեգեոներներից շատերն էլ երբ միացել են մեզ անփորձ են եղել ու երիտասարդ, հիմա էլ այդպիսիք կան։ Ընթացքում ավելի կզարգացնենք ու կկարողանանք մեր երիտասարդ տղաներով ու արդեն փորձառու ֆուտբոլիստներով ուժեղ թիմ կառուցել»:

Հեղինակ` Լիանա Հարությունյան

© Armenian Soccer 2023