Այսօր ` մարտի 17-ին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մամուլի առաջին ասուլիսն է տվել։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզիչը խոսել է իր նշանակման, մարզչական շտաբի առջև դրված խնդիրների և հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մասին։
Պետրակովը ասել է, որ նշանակման պահից սկսած հանդիպումներ է ունեցել թե արտերկրում, և թե Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հետ և ում հետ մինչև օրս շփվել է, բոլորին էլ հրավիրել է հավաքական։
Գլխավոր մարզիչը խոսել է նաև մեր ազգային թիմի նախկին առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վերջնական հաստատել է հավաքականում կարիերան ավարտելու իր որոշումը։
Ուկրաինացի մասնագետն ասել է, որ ՀՖՖ-ի ղեկավարներին խնդրել է իր ու Մխիթարյանի միջև կապ կազմակերպել, սակայն չի ստացվել: Նա օգնության համար դիմել է նաև «Շախտյորի» երեք ֆուտբոլիստի, սակայն Մխիթարյանը կրկին հրաժարվել է խոսել՝ նշելով, որ իր որոշումը չի փոխի:
«Իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի խոսել նրա հետ: Ռոմանին Հենրիխն ասել էր, որ ավարտել է ելույթները հավաքականում եւ հաջողություն է մաղթում թիմին: Այլ մարդկանց միջոցով ևս ցանկացա հանդիպում կազմակերպել, բայց նա այդպես էլ չուզեց շփվել»,-ասել է Պետրակովը:
Մարզիչն ընդգծել է, որ Մխիթարյանը Հայաստանի համար շատ կարևոր ու յուրահատուկ ֆուտբոլիստ է և հարգում է նրա կայացրած որոշումը:
© Armenian Soccer 2023