Մարտի 4-ին մեկնարկում է Հայաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրը։
Առաջին հանդիպումը կկայանա «Լեռնային Արցախի» ու ԲԿՄԱ-ի միջև։
Նախորդ տուրում բանակայինները մրցեցին իրենց հիմնական մրցակից «Նոայի» հետ և պարտվելով (0:1) նահանջեցին վերջին հորիզոնական։ Այդ «պատվավոր» տեղը մրցաշրջանի սկզբից մինչև նախորդ տուրը զբաղեցնում էր «Նոան»:
«Լեռնային Արցախն» առաջին հանդիպումն անցկացրեց առանց իր գոլահար Յեյսոն Ռասինեսի, որը համալրել է հենց նախորդ տուրի մրցակից «Ալաշկերտի» կազմը։ Չնայած այս կորուստի, «Լեռնային Արցախը» նաև նորեկներ ունի, որոնցից խաղալու հնարավորություն ստացել է դեռ միայն «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Դեու Դոսան։ Գուցե նոր ֆուտբոլիստները կարողանան օգնել թիմին շարունակել խնդիրներ առաջացնել առաջատար թիմերի համար։
Հանդիպումը կկայանա Վայքի «Արևիկ» մարզադաշտում և կմեկնարկի 15:00-ին։
Մարտի 5-ին տեղի կունենա 2 հանդիպում։
«Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կընդունի չեմպիոն «Փյունիկին», իսկ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Արարատ-Արմենիայի» հետ։
Բացի «Վանից» մյուս թիմերը գարնանային հատվածը մեկնարկել են վստահ հաղթանակներով. «Փյունիկը» ջախջախիչ` 4:1 հաշվով հաղթել է «Շիրակին», «Արարատ-Արմենիան» 3:1 հաշվով վստահորեն առավելության է հասել «Արարատի», իսկ «Ալաշկերտը» նույն հաշվով «Լեռնային Արցախի» նկատմամբ:
Հիշեցնենք, որ մինչև մրցաշրջանի 2-րդ հատվածի մեկնարկը, «Վանն» ու «Փյունիկն» արդեն հանդիպել են` անցկացնելով 13-րդ տուրից հետաձգված հանդիպումը, որում հաղթել է չեմպիոնը ` 3:0 հաշվով։ Սրանից կարելի է ենթադրել, որ չարենցավանցիները ռևանշ վերցնելու նպատակով են խաղադաշտ դուրս գալու և ամեն ինչ անելու են հաղթելու համար։ Դե իսկ «Փյունիկը»` գտնվելով հիանալի մարզավիճակում, հնարավոր ամեն բան կանի, որպեսզի ամրապնդվի 3-րդ տեղում և ինչու ոչ ավելի մոտենա 2-րդ տեղով ընթացող «Արարատ-Արմենիային»:
Այս հանդիպումը ևս կմեկնարկի 15:00-ին։
«Ալաշկերտին» բարդ հանդիպում է սպասվում հենց փոխչեմպիոնի հետ խաղում։ Չնայած երկու թիմն էլ հիանալի խաղ են ցուցադրում և թիմի նոր համալրումների շնորհիվ էլ ավելի են ուժեղացել։
Նշենք, որ նախորդ տուրի խաղերում աչքի են ընկել այս թիմերի նորեկները։Խաղի մեկնարկը` 16:00-ին։
Մարտի 6-ին նույնպես կկայանա 2 հանդիպում։ «Նոան» Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կընդունի առաջատար «Ուրարտուին»:
Ռոբերտ Արզումանյանի թիմը նախորդ տուրում ետնապահի դիրքին հրաժեշտ տալուց հետո ավելի է ոգեշնչվել և եթե ցուցադրի այնպիսի խաղ, ինչպես ԲԿՄԱ-ի հետ խաղում, ապա գուցե անախորժություններ առաջացնի մրցակցի համար։Բայց չպետք է մոռանալ, որ մրցակիցը հիանալի մարզավիճակում գտնվող «Ուրարտուն» է, որը հստակ քայլելով գնում է դեպի չեմպիոնություն։
Խաղը կմեկնարկի 15:00-ին։
Այս հանդիպմանը զուգահեռ Չարենցավանում տեղի կունենա «Արարատ» — «Շիրակ» մրցավեճը։Թերևս այս հանդիպումը կարելի է համարել տուրի կենտրոնականը, քանի որ ըստ խաղի ելքի մրցաշարային աղյուսակում կարող են դիրքերի հետաքրքիր փոփոխություններ տեղի ունենալ։
Հիշեցնենք, որ ի սկզբանե խաղը պետք է կայանար Գյումրիում և դաշտի տեր թիմ հանդիսանար «Շիրակը», սակայն եղանակային պայմաններից ելնելով հանդիպումը տեղափոխվել է գործնականում «Արարատի» ներկայիս տնային մարզադաշտ։
Հայաստանի պրեմիեր լիգան գնալով ավելի է թեժանում։ Այնպես որ մեզ մնում է միայն հետևել և սպասել իրադարձությունների զարգացմանը։
© Armenian Soccer 2023