Այսօր ` ապրիլի 20-ին մեկնարկում է Հայաստանի 31-րդ առաջնության վերջին ` 4-րդ մրցափուլը։
«Շիրակ» — ԲԿՄԱ
Գյումրու Քաղաքային մարզադաշտ, 20:00
28-րդ տուրի անդրանիկ խաղում կմրցեն «Շիրակն» ու ԲԿՄԱ-ն։
«Շիրակն» արդեն 4 խաղ անընդմեջ չի պարտվում, ընդ որում 3 հաղթանակ է տարել և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի։ Էդգար Թորոսյանի թիմը լավ հնարավորություն ունի կրկին բարելավելու իր դիրքը։
Բանակայինները չնայած համառ պայքարին ` չեն կարողանում միավոր վաստակել և շարունակում են ընթանալ վերջին տեղում։
«Վան» — «Լեռնային Արցախ»
Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ, 14:00
Ապրիլի 21-ին նախ կմրցեն «Վանն» ու «Լեռնային Արցախը»:
Երկու թիմերի գործերն էլ առաջնության գարնանային փուլում լավ չեն ընթանում։
«Վանը» վտանգում է զիջել 5-րդ տեղն, իսկ «Լեռնային Արցախն» անընդմեջ պարտությունների շարքը երկարացնելու դեպքում կարող է անգամ հայտնվել բանակայինների տեղում։
«Ալաշկերտ» — «Նոա»
Նաիրի մարզադաշտ, 16:00
Օրվա հաջորդ խաղում ուժերը կչափեն «Ալաշկերտն» ու «Նոան»:
Նախորդ տուրում «Փյունիկին» պարտվելուց հետո ալաշկերտցիները գործնականում կորցրին իրենց` 3-րդ տեղում հայտնվելու հնարավորությունը։ Թիմը չնայած կարգապահ խաղ է ցուցադրում, բայց չի կարողանում կանոնավոր կերպով միավորներ վաստակել։
«Նոան» մրցաշրջանի այս հատվածում հիանալի է հանդես գալիս։ Նման կերպ շարունակելու դեպքում կարող է անգամ հեռանալ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածից։
«Արարատ» — «Փյունիկ»
Հանրապետական մարզադաշտ, 15:00
Ապրիլի 22-ը հագեցած է լինելու բավականին հետաքրքիր ու լարված հանդիպումներով։ Նախ կմրցեն «Արարատն» ու «Փյունիկը»:
Անկախ աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքերին, այս զույգի հանդիպումները միշտ էլ դիտարժան են ստացվում։
«Փյունիկը» շարունակում է պայքարել չեմպիոնության համար, իսկ «Արարատը» մտադիր է բարելավել իր դիրքը, ինչի հնարավորությունն այժմ ունի։
«Արարատ-Արմենիա» — «Ուրարտու»
Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 18։00
Օրվա հաջորդ ու տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա առաջին 2 տեղերը զբաղեցնող «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» միջև։ Վերջինս այժմ ընդամենը մեկ միավորով է զիջում առաջատարին և հաղթելու դեպքում ծայրաստիճան կսրի չեմպիոնական պայքարը։
«Ուրարտուն» իր հերթին պետք է ամեն գնով հաղթի, որպեսզի չկորցնի առաջատարի դերը։
Դե ինչ, հերթական հետաքրքրաշարժ տուրը մեզ է սպասում, իսկ դրան չհետևելու դեպքում վստահաբար մեծ բան կկորցնեք։
© Armenian Soccer 2023