Armenian Soccer
Armenian Soccer

Կայացել է Սուրեն Բաղդասարյանի` «Արարատ 73»․ Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը

1973 թվականի հոկտեմբերի 10-ին «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ-ի գավաթը։
Փառավոր հաղթանակից ուղիղ 50 տարի անց կայացավ վաստակավոր մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի` «Արարատ 73»․ Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին «Արարատ-73-ի» ֆուտբոլիստները, Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացողներ, անվանի շատ հյուրեր ու ֆուտբոլասերներ:

Գրքի հեղինակի` Սուրեն Բաղդասարյանի խոսքով, նա բախտավոր է, որ ճանաչել է «Արարատ 73»-ը ներսից։

«Գրքի լույս տեսնելու առիթով ինձ շնորհավորելիս Ալբերտ Սարգսյանն ասաց. «Իմ 50 տարեկան երկրորդ երեխան ծնվեց»։

Ես բախտավոր եմ, որովհետև հենց «Արարատի» հաղթանակների շնորհիվ կարողացա այնպես անել, որ արտագնա ռեպորտաժներն անպայման հայերեն լինեն, «Լրաբերում» էլ կարողացա ավելացնել սպորտային բլոկ։

Ամբողջ ազգը ֆուտբոլով էր ապրում, դրա համար «Արարատ 73-ի» հաղթանակը միայն սպորտային չեմ համարում, այն մեր ազգի պատմության կարևոր ձեռքբերումներից է` թե՛ քաղաքական, թե՛ պատմական առումով։ Ցավոք, մենք հիմա էլ վատ ժամանակներ ենք ապրում, զրոյացրինք Արցախյան պատերազմի հաղթանակը։ Նույնիսկ մտածում էինք չեղարկել գրքի շնորհանդեսը, բայց հետո հասկացանք, որ մեզ պետք են հաղթանակներ։

«Արարատ 73-ի» մասին խոսելիս ես վերակենդանանում եմ, այն իմ մուսան է։ Զարմանալի զուգադիպությամբ մի փայլուն սերունդ եկավ, որն իրար ամուր բռնեց, ծանր ճանապարհ անցավ ու կարողացավ հաղթել։

Այդ թվականներին չեմ պատկերացրել, որ գիրք կգրեմ։ Հետագայում, երբ հիմնադրեցի «Ֆուտբոլ +»-ը, հսկայական արխիվ հավաքեցի։ «Արարատ 73»-ի 40-ամյակին գիրք ստեղծելու միտքը ծնվեց, սակայն խնդիրներ առաջացան։ Եթե հիմա չտպագրեի, հաստատ էլ չէի անելու։ Այս գործում ինձ շատ օգնեց թոռս՝ Դավիթը»:

Գրքի համակարգող Դավիթ Մարտիրոսյանը նշում է, որ բավականին երկար են աշխատել գրքի վրա, որպեսզի լավ ստացվի։

«Երկար ժամանակ քրտնաջան աշխատել ենք։ «Արարատ-73»-ի հաղթանակը դասական օրինակ է, որ ցանկացած ոլորտում թիմային գործելու դեպքում հաջողություններ կգրանցենք: Անընդհատ պապիկիցս լսել եմ ակումբի հաջողության մասին, բայց այդ պատմությունը հավաքագրված չէր, ինչի համար ափսոսում էի: Սա մեր ընտանիքի համար կարևոր իրադարձություն է, շնորհակալ ենք այն կերտած ֆուտբոլիստներից: Առավել քան երբևէ մեզ հիմա էլ կարևոր հաղթանակներ են պետք:

Գրքի շապիկին Վազգեն Սարգսյանի խոսքերն են այն մասին, որ «Արարատ-73»-ը ցույց տվեց՝ հայերն էլ կարող են հաղթել: Իսկապես, երբ մենք միասնական ենք, կուռ և համախմբվում ենք մեկ գաղափարի շուրջ, կարող ենք հաղթել»:

ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր, «Արարատ-73»-ի լեգենդար կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն իր խորհին շնորհակալությունը հայտնեց ամբողջ հայ ազգին ու պարոն Բաղդասարյանին` մինչ օրս իրենց փառավոր կերպով հիշելու համար։

«Սրտանց շնորհավորում եմ մեր փառավոր ֆուտբոլիստներին իրենց հոյակապ ու չտեսնված նվաճումների համար: Ձեր ցավը տանեմ: Հիշենք նաև մեր այն թիմակիցներին ու մարզիչներին, ովքեր կյանքից հեռացել են։ (Անունները հնչելուց հետո ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին մահացածների վառ հիշատակը,- խմբ.):

Շնորհակալ եմ հայ ժողովրդին, որը 50 տարի անց էլ մեզ հիշում է, մոտենում և բարի խոսքեր ասում: Շատ եմ լսել, որ եթե հիմա խաղայինք, միլիոնատեր կդառնայինք, բայց քչերը գիտեն, երբ 75 հազարանոց ստադիոնում հաղթում էինք ու մարդիկ երջանկությունից պարում էին, մենք հարստանում էինք»:

Եվ վերջում, ինչպես նշեց Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն` «Արարատ-73»-ի գրքի կարևոր ուղերձն այն է, որ պետք է նպատակ ունենալ և հետևողականորեն գնալ դեպի երազանքի կատարումը:
Մեր ազգը կարող է նոր հաղթանակների հայտ ներկայացնել:

Ավելացնենք, որ միջոցառման վերջում տեղի ունեցավ գրքի վաճառք, որոնց վրա իրենց մակագրությունները թողեցին լեգենդար ֆուտբոլիստներն ու գրքի հեղինակ Սուրեն Բաղդասարյանը։

Գիրքը տպագրվել է «Փյունիկի» սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ։

© Armenian Soccer 2023