IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը մեկնարկել է Չարենցավանում. «Վանը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեսթ Արմենիային» ու հաղթել 1:0 հաշվով:
Հանդիպման միակ գոլը 8-րդ րոպեին խփել է չարենցավանյան ակումբի նիգերիացի հարձակվող Քրիստոֆեր Բոնիֆեյսը: 70-րդ րոպեին հյուրերը գրավել են «Վանի» դարպասը, սակայն գոլը չեղարկվել է: 82-րդ րոպեին «Վանը» մնացել է 10 հոգով. դաշտից հեռացվել է Իբրահիմ Յահայան:
Այս հաղթանակից հետո «Վանը» 30 միավորով նախավերջին հորիզոնականում է: «Վեսթ Արմենիան» 34 միավոր ունի և 7-րդն է աղյուսակում:
Խաղային օրվա երկրորդ խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել ԲԿՄԱ-ի դարպասը:
Մելիքյանի թիմի կազմում 11-մետրանոցի նշակետից գոլերով աչքի են ընկել Խոսե Կարաբալյոն ու Յուսուֆ Օտուբանջոն: 90+3-րդ րոպեին էլ սեփական դարպասն է գրավել Մարկ Ավետիսյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակած 76 միավորով բարձրացել է 1-ին հորիզոնական: 74 միավոր ունեցող «Նոան» այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: ԲԿՄԱ-ն 26 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
© Armenian Soccer 2024