Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 29-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վանին» ու հաղթեց ջախջախիչ` 5:1 հաշվով։
Սա պրեմիեր լիգայում բանակային թիմի պատմության ամենախոոշոր հաշվով հաղթանակն է։
Նախ 17-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Ստյոպա Մկրտչյանը։ Ապա 32-րդ րոպեին անվրեպ իրացնելով վաստակած 11-մետրանոց հարվածը` «Վանի» կազմից հաշիվը հավասարեցրեց Ռումյան Հովսեփյանը։ Վերջինս 57-րդ րոպեին ստանալով 2-րդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից ու թողեց մարզային թիմին 10 հոգով։
ԲԿՄԱ-ն միանգամից օգտվեց քանակական առավելությունից ու առաջ նետվեց գրոհների։
76-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց նաև «Վանի» դարպասին, որը դիպուկ իրացրեց Գոռ Լուլուկյանն ու կրկին առաջ մղեց իր թիմին։
90-րդ րոպեին Միսակ Հակոբյանը 3-րդ գնդակն ուղարկեց չարենցավանյան թիմի դարպասը։ Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին բանակայինների 4-րդ գոլը խփեց Արայիկ Էլոյանն, իսկ 9-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը 5-րդ գոլով վերջ դրեց իրենց համար այս պատմական հանդիպմանը։
Այս հանդիպումից հետո «Վանը» 34 միավորով շարունակում է մնալ 5-րդ տեղում։ ԲԿՄԱ-ն վաստակեց 21 միավոր և չնայած հավասար միավորներ ունի «Լեռնային Արցախի» հետ, բայց բարձրացավ 9-րդ տեղ։
© Armenian Soccer 2023