Armenian Soccer
Armenian Soccer

Հետխորհրդային տարածքից ամենաթանկ տրանսֆերների տասնյակում Մխիթարյանը երեք տեղ է զբաղեցնում

Վերջին տարիներին հետխորհրդային երկրների բազմաթիվ ֆուտբոլիստներ հասցրել են հանդես գալ եվրոպական թոփ առաջնություններում։

Կան ֆուտբոլիստներ, ինչպիսիք են օրինակ Անդրեյ Շևչենկոն և Հենրիխ Մխիթարյանը, ովքեր արդեն անցել են համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։

Ուկրաինացի ֆուտբոլիստն իր լավագույն տարիներն անցկացրել է «Միլանի» կազմում, որի հետ նվաճել է Իտալիայի չեմպիոնական գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու բազմաթիվ այլ գավաթներ, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայում։ 2003 թվականին Շևչենկոն նվաճել է նաև «Ոսկե գնդակը»:

Հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանին հաջողվել է նաև աղմուկ բարձրացնել Եվրոպայում։ Նա իր եվրոպական հաղթարշավն սկսել է Դոնեցկի «Շախտյորում», ապա միացել է Յուրգեն Կլոպի «Բորուսիա Դորտմունդին»։ Գերմանական թիմում 2015/16թթ. հիանալի մրցաշրջանից հետո հրավեր է ստացել Ժոզե Մոուրինյուից դեպի «Մանչեսթեր Յունայթեդ»: Չնայած Հենրիխի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» այնքան էլ լավ չընթացավ, բայց նրա օգնությամբ «մանկունիացիները» հաղթեցին Եվրոպա լիգայում: Ինքը՝ Հենրիխը, գոլ է խփել եզրափակիչում (Այաքս՝ 0:2, «Մանչեսթեր Յունայթեդ»): Մինչ Պրեմիեր լիգայից հեռանալը Մխիթարյանը հասցրեց հանդես գալ նաև Արսեն Վենգերի «Արսենալում», իսկ հետո տեղափոխվեց «Ռոմա», որտեղ մեկ տարի անց կրկին հանդիպեց Ժոզե Մոուրինյուին և այս անգամ նրա հետ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Հենրիխը ներկայումս խաղում է Միլանի «Ինտերում», որի հետ էլ հասցրել է մեծ նվաճումների հասնել։

Ամենաթանկ տրանսֆերները հետխորհրդային տարածքից.

Վիտալի Միկոլենկո (Ուկրաինա) – 23,5 մլն եվրո, «Դինամո Կիև» ➡ «Էվերթոն»

Անդրեյ Յարմոլենկո (Ուկրաինա) – 25 մլն եվրո, «Դինամո Կիև» ➡ Դորտմունդի «Բորուսիա»

Դմիտրի Չիգրինսկի (Ուկրաինա) – 25 մլն եվրո, Դոնեցկի «Շախտյոր» ➡ «Բարսելոնա»

Հենրիխ Մխիթարյան (Հայաստան) – 27,5 մլն եվրո, Դոնեցկի «Շախտյոր» ➡ Դորտմունդի «Բորուսիա»

Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան) – 30 մլն եվրո, ԲԿՄԱ ➡ «Մոնակո»

Հենրիխ Մխիթարյան (Հայաստան) – 34 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդ» ➡ «Արսենալ»

Օլեքսանդր Զինչենկո (Ուկրաինա) – 35 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթի» ➡ «Արսենալ»

Հենրիխ Մխիթարյան (Հայաստան) – 42 միլիոն եվրո, Դորտմունդի «Բորուսիա» ➡ «Մանչեսթեր Յունայթեդ»

Անդրեյ Շեւչենկո (Ուկրաինա) – 44 մլն եվրո, «Միլան» ➡ «Չելսի»

Միխայիլո Մուդրիկ (Ուկրաինա) – 70 մլն եվրո, «Շախտյոր» ➡ «Չելսի»

Այս ցանկը շուտով անպայման կթարմացվի։

Հիմա Եվրոպայում շատ տաղանդներ կան հետխորհրդային տարածքից։ Այս մրցաշրջանի գլխավոր սենսացիան՝ Խվիչա Կվարացխելիան է, որը հանդես է գալիս իտալական «Նապոլիում»։ Վրաց ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը մի քանի ամսում աճել է մինչև 60 միլիոն եվրո։

© Armenian Soccer 2024