2015 թվականից ի վեր Armenian Soccer կայքն անցկացնում է լավագույնների քվեարկություն, որտեղ ընտրվում են Հայաստանի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները խաղային բոլոր դիրքերում, լավագույն մարզիչը և լավագույն հայ ֆուտբոլիստը։
Քվեարկությանն այս տարի մասնակցել են 12 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, VBET ՀՊԼ-ի բոլոր ակումբները` բացառությամբ «Նորավանքի», ՀՖՖ-ի ներկայացուցիչները և Armenian Soccer-ի փորձագիտական խումբը։
Հարկ է նշել, որ «Լավագույն հայ ֆուտբոլիստի» որոշման համար երկու ակումբներ չեն քվեարկել։
Ըստ ձայների բաշխման, ձևավորվել են լավագույնների հետևյալ աղյուսակները.
«Լավագույն դարպասապահ» է ճանաչվել «Փյունիկի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Ալաշկերտում»:
«Լավագույն պաշտպան» անվանակարգում մեծ առավելությամբ հաղթել է «Արարատի» ֆուտբոլիստ Հրայր Մկոյանը։
Թեժ պայքար է ընթացել «Լավագույն կիսապաշտպանի» կոչման համար, որտեղ 3 միավորի տարբերությամբ հաղթող է ճանաչվել «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։
«Լավագույն հարձակվողին» պարզել չի հաջողվել, քանի որ «Փյունիկի» արդեն նախկին հարձակվողներ Ուգո Ֆիրմինուն և Սերժ Դեբլեն ստացել են հավասար միավորներ։
Հետևաբար մրցանակ կտրամադրվի երկու ֆուտբոլիստներին էլ։
Ինչպես առաջնության վերջին մի քանի ամիսներին, այնպես էլ մեր կայքի քվեարկությունում «Լավագույն մարզիչ» է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Լավագույն հայ ֆուտբոլիստը» կրկին Հենրիխ Մխիթարյանն է, որը վերջերս տեղափոխվեց Միլանի «Ինտեր»:
Մխիթարյանին ընդամենը երեք ձայնով է զիջել Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» երիտասարդ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։
Ահա և մեր այս տարվա մրցանակակիրներն, իսկ մրցանակաբաշխության անցկացման վայրի և ամսաթվի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
Քվեարկության ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
©2022 Armenian Soccer