Պայմանավորված ազգային հավաքականների միջազգային հանդիպումներով, Հայաստանի առաջնությունում տևական դադար էր։
Արդեն վաղը` մարտի 31-ին պրեմիեր լիգան կվերադառնա և կմեկնարկի 25-րդ տուրը։
Մրցափուլի անդրանիկ խաղում «Արարատը» կընդունի «Լեռնային Արցախին»:
Խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ կրկին իր տնային հանդիպումները կանցկացնի երևանյան թիմը։
Հիշեցնենք, որ «Արարատը» նշել էր, որ թիմի տնային խաղերն ընթանալու են Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում, բայց այսօր ` մարտի 30-ին, ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ հանդիպումները շարունակելու են անցկացվել Երևանում։
«Արարատը» պրեմիեր լիգայի գարնանային փուլը վատ է մեկնարկել ու մինչ այս անցկացված 4 խաղում պարտվել է։
«Լեռնային Արցախը» ևս 4 պարտություն է կրել, ընդ որում գրեթե բոլոր խաղերում մրցակցին զիջել է խոշոր հաշիվներով։
Թիմերը մրցաշարային աղյուսակում հաջորդում է միմյանց ` «Արարատը» 22 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Լեռնային Արցախը» 21 միավորով ` 8-րդ։ Այս խաղը մարզական առումով շատ կարևոր է երկու թիմի համար էլ։ Ինչ որ տեղ նաև «Շիրակի», որը կախված այս հանդիպման ելքից, մրցաշարային աղյուսակում նույնպես կարող է դիրքային փոփոխության ենթարկվել։
Խաղը կմեկնարկի 19:00-ին։
Ապրիլի 1-ին տեղի կունենա 2 հանդիպում։
Նախ «Փյունիկը» 16:00-ին «Հանրապետականում» կհյուրընկալի ԲԿՄԱ-ին, ապա 19:00-ին Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կմրցեն «Շիրակն» ու «Վանը»:
Չեմպիոնը կոչմանն արժանի հանդիպումներ է անցկացնում։ Հիանալի մարզավիճակում գտնվող «Փյունիկն» այս տարի 5 հաղթանակ է գրանցել, ընդ որում դրանք ավարտել հիմնականում խոշոր հաշիվներով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վստահ առաջ է շարժվում և ինչպես նշել է մարզիչը, չնայած առաջատարի նկատմամբ ունեցած միավորների տարբերությանը, պայքարում է չեմպիոնության համար։
ԲԿՄԱ-ն խաղային առումով վատ հանդես չի գալիս, նույնիսկ այս տարի գրանցել է պրեմիեր լիգայի իր պատմության առաջին խոշոր հաշվով հաղթանակը (3:0 «Լեռնային Արցախի» նկատմամբ), սակայն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
«Շիրակն» ինչպես նշեցինք վերը, հիմնականում պայքարում է իր տեղը պահպանելու համար։ Մարզային այս թիմը կադրային որոշ խնդիրներ ունի, որոնք դեռ չի կարողանում կարգավորել։ Չնայած այդ հանգամանքին «Շիրակը» սեփական հարկի տակ բավականին լավ է հանդես գալիս, քանի որ երկրպագուների կողմից մեծ աջակցություն է ստանում։
Հայաստանի մեկ այլ մարզի ներկայացուցիչ «Վանը» դեռևս անկայուն խաղ է ցուցադրում։ Չարենցավանյան թիմի մարզչական շտաբում կրկին անհասկանալի իրավիճակ է, որն էլ գուցեև թիմի գրանցած արդյունքների պատճառն է։ 4-րդ տեղի համար պայքարն այս պահին փոքր ինչ անիրատեսական է, քանի որ «Վանն» այդ տեղում հանդես եկող «Ալաշկերտից» ետ է 12 միավորով, սակայն չմոռանանք, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Այնպես որ անակնկալների միշտ պետք է սպասել։
Ապրիլի 2-ին նույնպես կկայանա 2 մրցավեճ։
«Արարատ-Արմենիան» 16:00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կընդունի «Նոային», իսկ 19:00-ին «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։ Փոխչեմպիոնը ևս աչքի է ընկնում արդյունավետ խաղով։ Վարդան Բիչախչյանի սաները շարունակում են հետապնդել առաջատարին։ Նորեկները թարմ շունչ են փոխանցել «Արարատ-Արմենիային», որն էլ միախառնվելով թիմի արդեն փորձառու ֆուտբոլիստների որակների հետ, յուրաքանչյուր խաղում ապահովում է թիմի համար դրական արդյունքը։
«Նոան» ի տարբերություն առաջնության աշնանային հատվածի, գարնանային փուլում ամբողջովին վերափոխվել է։ Ռոբերտ Արզումանյանի երիտասարդ կադրերն սկսել են ավելի վստահ հանդես գալ, իհարկե նրանց օգնում են թիմ հրավիրված լեգեոներները։ Լավ խաղի շնորհիվ «Նոան» կարողացել է հեռանալ վերջին հորիզոնականից, որում գտնվում էր մրցաշրջանի աշնանային ամբողջ հատվածում։
«Ուրարտուն» վերջին տարիների իր լավագույն խաղն է ցուցադրում։ Դմիտրի Գունկոյի թիմը յուրաքանչյուր խաղ ավարտում է հաղթանակով և վստահորեն առաջ շարժվում դեպի չեմպիոնություն։ Առաջատարն այժմ 6 միավորի առավելություն ունի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և 10` չեմպիոն «Փյունիկի»:
Չեմպիոնական թեժ պայքարին է փորձում միանալ «Ալաշկերտը»: Չնայած զբաղեցրած դիրքին, թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը փաստել է, որ իրենք ևս պայքարում են չեմպիոնության համար և ամեն ինչ անելու են, որպեսզի շատ հաղթանակներ գրանցեն։
© Armenian Soccer 2023