Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ։
Խաղի մեկնարկից ակտիվորեն գրոհում էին մեր տղաները և մի քանի հնարավորություն ունեին մրցակցի դարպասը գրավելու, սակայն դրանցից ոչ մեկը չկարողացան դրական ելքով ավարտել։
Փոխարենը կիպրոսցիներն առաջին խաղակեսի վերջնամասում անկյունայինի խաղարկումից հետո ուժեղ հարվածով կարողացան բացել խաղի հաշիվը։
Ընդմիջումից հետո մերոնք էլ ավելի ակտիվ սկսեցին գործել, ինչի շնորհիվ էլ 51-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը։ Նորամուտի խաղում իր գոլերի հաշիվն ազգային թիմում բացեց երիտասարդ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Րոպեներ անց նույն Ռանոսը հիանալի հարվածով դարձավ դուբլի հեղինակ ու առաջ մղեց մեր հավաքականին։
Թվում էր, ֆուտբոլիստն իր տարերքի մեջ է և կկարողանա հերթական գոլը հեղինակել, սակայն Ալեքսանդր Պետրակովը նրան փոխարինեց։
Կիպրոսի ընտրանին ակտիվ գրոհների անցավ և ի վերջո 83-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց։
Հանդիպման վերջին րոպեներն անցան շատ լարված։ 89-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց մրցակցի ավագը, սակայն քանակական առավելությունն էլ չօգնեց մեր հավաքականին։
Թիմերը չկարողացան գոլ գրանցել և հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի հաշվով։
Այսպիսով, մեր ընտրանին չկարողացավ առավելության հասնել կրկին այնպիսի խաղում, որում կարող էր հաղթել։
© Armenian Soccer 2023