Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան-Խորվաթիա. Առաջին պաշտոնական հանդիպման սպասումով

Երբ 2021 թվականի հունիսի 1-ին առաջին անգամ, այն էլ ընկերական հանդիպում էինք անցկացնում Խորվաթիայի ընտրանու դեմ, չէինք էլ մտածում, որ դրանից հետո առաջիկա մրցաշարում կարող ենք նույն խմբում հայտնվել։ Բայց արի ու տես, որ արդեն այսօրսեպտեմբերի 11-ին խորվաթների հետ անցկացնելու ենք մեր առաջին պաշտոնական խաղը Եվրո-2024-ի շրջանակում։

Ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Մեր ազգային թիմի գոլը հեղինակել է Վբեյմար Անգուլոն, որն այս անգամ ևս հայտավորված է և կարող է մասնակցել խաղին։

Իհարկե ընկերական ու պաշտոնական խաղերը նույնը չեն, և ինչպես նախախաղային ասուլիսի ժամանակ նշեցին մրցակցի մարզիչ Զլատկո Դալիչն ու ֆուտբոլիստ Մատեո Կովաչիչը, այստեղից պատրաստվում են հեռանալ կարևոր 3 միավորով։

Կարևոր հանգամանք է, որ այժմ մեր մրցակիցներից և ոչ մեկը չի թերագնահատում մեր հավաքականին ու հասկանում է, որ Հայաստանի ընտրանու հետ բարդ է մրցելը։

Նախորդ խաղից հետո մեր ընտրանին վերաձևվել է ու ավելի մարտունակ դարձել։ Փոխվել է նաև մարզչական շտաբը, այնպես որ խորվաթներին վստահաբար անակնկալներ կարող ենք մատուցել։

Չնայած նրան, որ Խորվաթիայի թիմն ի սկզբանե համարվում է խմբի ֆավորիտներից, այնուամենայնիվ մինչև նախորդ տուրը Հայաստանի հավաքականն ավելի լավ արդյունքներ ուներ ու զբաղեցնում էր 2-րդ տեղը։ Այժմ մերոնք նահանջել են 3-րդ հորիզոնականը` տեղը զիջելով հենց խորվաթներին։

Կարծիք կա, որ աշխարհի նախկին փոխչեմպիոնի ու ներկայիս բրոնզե մեդալակրի հետ ոչ-ոքին էլ լավ արդյունք կլինի մեզ համար, սակայն պետք է պայքարել հաղթանակի համար ու վաստակել մեզ համար նույնպես կարևոր 3 միավորը։

Հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին։

© Armenian Soccer 2023