Armenian Soccer
Armenian Soccer

«ՀՖՖ-ն չի պատրաստվում խոչընդոտել». Արթուր Ազարյանը՝ «Հանրապետականը» «Փյունիկին» տրամադրելու մասին

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, պատասխանելով Vnews.am-ի՝ «Փյունիկի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցմանը, նշել է, որ Հայաստանի նորընծա չեմպիոնը կարող է խաղալ «Հանրապետական» մարզադաշտում:

««Սա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների կողմից հնչող հերթական աբսուրդային միտքն է: Եղիշե Մելիքյանը թիմի գլխավոր մարզիչն է և կարող է չտիրապետել ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերին, բայց ցավալին այն է, որ ակումբի ղեկավարությունը կամ ադմինիստրատիվ անձնակազմը ևս չի տիրապետում դրանց:

Իրավիճակն էլ ավելի աբսուրդային է դառնում, եթե հաշվի առնենք, որ «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբն իրոք դիմել է ՈՒԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայում իր հանդիպումները Վրաստանում անցկացնելու նպատակով, դրանով իսկ դառնալով ծիծաղի առարկա:

ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ և համապատասխան կանոնակարգերով հստակ ձևակերպված է, որ եվրոպական ցանկացած երկրի ներկայացուցիչ իր եվրագավաթային տնային հանդիպումները կարող է անցկացնել միմիայն իր երկրի տարածքում:

Վերջին տարիներին ՀՖՖ դիրքորոշումը եղել է և կա հետևյալը. հաշվի առնելով «Հանրապետական» մարզադաշտի ծանրաբեռնվածությունը, եվրագավաթային առաջին երկու փուլերում «Հանրապետական» մարզադաշտում կարող է հանդես գալ միայն Հայաստանի չեմպիոնը, իսկ երրորդ փուլի ուղեգիր նվաճելու դեպքում՝ հայկական ցանկացած ակումբ:

ՀՖՖ-ն դեռևս 2024 թ. փետրվարին գրավոր կերպով տեղեկացրել էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին այդ մասին և, բնական է, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը տրամադրվելու է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներն անցկացնելու նպատակով:

Այսօր կարդացի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին, որտեղ նա հերթական անգամ սխալ տեղեկություն է հաղորդում՝ աղավաղելով ՀՖՖ կողմից «Փյունիկ» ՖԱ-ին ուղարկված նամակի բովանդակությունը և դրանով իսկ փորձելով մանիպուլացնել ֆուտբոլային հասարակությանը:

Անհրաժեշտության դեպքում ՀՖՖ-ն պատրաստ է ֆուտբոլային հանրությանը ներկայացնել վերոնշյալ նամակը:  

ՀՖՖ-ն ստիպված է հերթական անգամ փաստել, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գործողությունները և հայտարարությունները ոչ ավելին են, քան էժանագին մանիպուլյացիա:

Կարճ ասած՝ եթե «Փյունիկը» ցանկանա խաղալ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ՀՖՖ-ն չի պատրաստվում որևէ կերպ խոչընդոտել դրան»,- նշել է Արթուր Ազարյանը, որի խոսքերը մեջբերում է Vnews.am-ը:

© Armenian Soccer 2024