Armenian Soccer
Armenian Soccer

Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

Ապրիլի 29-ի վաղ առավոտյան անժամանակ վախճանվել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Ցավալի լուրը հայտնել է «Փյունիկը»:

«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին:

«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:

Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ»,- գրված է «Փյունիկի» հայտարարության մեջ:

Դավիթի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հայտարարություն է տարածել նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, որտեղ մեր գործընկերը տարբեր պաշտոններ է զբաղեցրել 4 տարի շարունակ:

«Ցավով տեղեկացնում ենք, որ 27 տարեկանում մահացել է մեր ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանը, որը երկու ամիս պայքարում էր հիվանդության դեմ:

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթի բոլոր հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին:

Դավիթն «Ուրարտուում» աշխատել է շուրջ 4 տարի՝ զբաղեցնելով բաժնի ղեկավարի, Գործադիր տնօրենի, այնուհետև Կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնները։

Ակումբի աշխատակից լինելու ամբողջ ընթացքում Դավիթը մեծ աշխատանք է կատարել. կատարելագործել և նոր մակարդակի է բերել ակումբի մամուլի ծառայության աշխատանքը, կազմակերպել վետերանների միջև ամենամյա Simon Cup մրցաշարը, մեծ ներդրում է ունեցել եզակի ակումբային թանգարանի բացման և ակումբի պատմական իրադարձությունների մասին մի քանի վավերագրական ֆիլմերի նկարահանման գործում. այս ամենի և շատ ավելիի համար ակումբը հավերժ երախտապարտ կլինի նրան…», — ասված է «Ուրարտուի» հայտարարության մեջ:

Դավիթի մահը սգում է հայկական ֆուտբոլի ամբողջ ընտանիքը՝ լրագրողեր, ակումբներ և ֆուտբոլիստներ, երկրպագուներ:

Նշենք, որ Դավիթը հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասրայնի թոռն է և մարզական լրագրող Աշոտ Մարտիրոսյանի որդին:

Armenian-Soccer-ի խմբագրակազմն իր խորին վշտակցություն է հայտնում Դավիթի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին: Հանգչի՛ր խաղաղությամբ:

© Armenian Soccer 2024