Armenian Soccer
Armenian Soccer

«Դարձիր մրցավար». ՈւԵՖԱ-ն նոր արշավ է մեկնարկում` ուղղված մրցավարների քանակի ընդլայնմանը

Օգոստոսի 31-ին Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից առաջ տեղի է ունեցել նաև լրատվամիջոցների ճեպազրույց, որի ժամանակ ելույթ են ունեցել ՈՒԵՖԱ-ի գլխավոր մրցավար Ռոբերտո Ռոզետին և ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տնօրեն ու ֆուտբոլային ծառայության ղեկավար Զվոնիմիր Բոբանը:
Մասնագետները հանդես են եկել նոր առաջարկ/ծրագրով, որը պետք է նպաստի ՈւԵՖԱ-ում մրցավարների քանակի ընդլայնմանը։

ՈՒԵՖԱ-ն սկսել է մրցավարների հավաքագրման իր առաջին արշավը, որը կոչվում է «Դարձիր մրցավար»: Նպատակն է ընդլայնել մրցավարության մասին գիտելիքները, ընդգծել դրա կարևորությունը և ոգեշնչել երիտասարդներին սկսել կարիերան որպես խաղի պաշտոնական ներկայացուցիչ: Քարոզարշավը ավելի լայն ծրագրի մի մասն է, որի միջոցով ՈՒԵՖԱ-ն կաջակցի ազգային ասոցիացիաներին իրենց հավաքագրման գործունեության մեջ՝ նպատակ ունենալով մեկ մրցաշրջանում ներգրավել շուրջ 40,000 նոր մրցավարների:
ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի քանի անդամ ասոցիացիաներ խնդիրներ են ունենում երիտասարդ մրցավարներին հավաքագրելու կամ նրանց պահելու հարցում, նախքան նրանց ավելի բարձր մակարդակի հասնելը, ինչը լուրջ սպառնալիք է դառնում հանդիպման համար և կարող է բացասաբար ազդել խաղերի գլխավոր մրցավարների քանակի վրա:

Այս առիթով Ռոբերտո Ռոզետին ասել է.

«Եվրոպական ֆուտբոլում հանդիպումների քանակի ավելացման հետ մեկտեղ մեզ ներկայումս անհրաժեշտ է մոտ 277,000 պաշտոնյա, բայց մեզ պակասում է մոտ 40,000 մրցավար, որպեսզի բավարար լինեն խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Այդ իսկ պատճառով ՈւԵՖԱ-ն որոշել է ներդրումներ կատարել մի ծրագրում, որն աջակցում է ազգային ասոցիացիաներին երիտասարդ մրցավարների հավաքագրման և պահպանման գործում: Դա անհրաժեշտ է եվրոպական ֆուտբոլի կենսունակությունը պահպանելու համար»:

Զվոնիմիր Բոբանն իր հերթին շատ է կարևորում այս ծրագիրը։

«Այս արշավը մեծ նշանակություն ունի ֆուտբոլի ապագայի համար, քանի որ մրցավարներն առանցքային դեր են խաղում խաղադաշտում խաղի անվտանգությունն ապահովելու գործում: Բացի ֆիզիկականի բարելավումից և ֆուտբոլի խորը ըմբռնումից, մրցավարությունը կարող է երիտասարդներին տալ կյանքի անգնահատելի հմտություններ, որոնք նրանց օգտակար կլինեն ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»:

ՈՒԵՖԱ-ն հնարավոր չափ կաջակցի ազգային ասոցիացիաներին ՝ սերտորեն համագործակցելով իրենց տարածաշրջանային ասոցիացիաների և ազգային ակումբների հետ` երիտասարդներին մրցավար դառնալու դրդելու և ոգեշնչելու համար:

Հիշեցնենք, որ այս օրերին Մոնակոյում էր նաև Armenian Soccer կայքի հիմնադիր Էդգար Պետրոսյանը, որը նույնպես մասնակցել է ճեպազրույցին։

© Armenian Soccer 2023