Չեմպիոնների լիգայի որակավորման մեկնարկային փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Զրինսկիի» հետ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:2 հաշվով ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
«Ուրարտուի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը։
Տանտերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, սակայն մեր թիմը կրկին հաշվի մեջ առաջ անցավ` 2:3: Այս անգամ գոլը խփեց «Ուրարտուի» նորեկ Արտեմ Մաքսիմենկոն։
Խաղի ելքը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ 4:3 հաշվով հաղթեց «Զրինսկին»:
«Ուրարտուի» կազմից անվրեպ հարվածեցին Արաս Օզբիլիսը, Արտեմ Մաքսիմենկոն և Նարեկ Գրիգորյանը։
Արման Ղազարյանն ու Էդուարդոն ցավոք չկարողացան գրավել մրցակցի դարպասը։
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում բոսնիական թիմը կմրցի «Սվիֆթ» — «Սլովան» զույգի հաղթողի հետ։
Վերջում նշենք, որ մեր չեմպիոնն անկախ արդյունքից, կրկին հիանալի խաղ ցուցադրեց։ Իրենց վարպետությամբ աչքի ընկան երիտասարդ ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը և իհարկե փորձառու Արազ Օզբիլիսը։
«Ուրարտուն» ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։
© Armenian Soccer 2023