Armenian Soccer
Armenian Soccer

Armenian Soccer-ի խորհրդանշական հավաքականը — ԲԽ 2019/2020

APL Best XI

Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 առաջնության արդյունքներով Armenian-Soccer-ը կազմել է առաջնության խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել են 18 ֆուտբոլիստներ (11+7):

Հիմնական կազմ.

1. Վալերիո Վիմերկատի («Նոա») — Եթե Վիմերկատին լիներ Նոյան Տապանի դարպասների մոտ, դժվար թե այդքան շատ կենդանիներ թույլ տար մտնել տապան: Բարեբախտաբար իտալացին պաշտպանում է միայն ֆուտբոլային տապանի դարպասները, և դա անում է մեծ հաջողությամբ: Մի քանի հանդիպումներ «Նոան» հաղթեց հենց նրա փայլուն խաղի շնորհիվ (8 չոր հանդիպում 22 խաղերում):

2. Արթուր Դանիելյան («Արարատ-Արմենիա») — Կարևոր դեր խաղաց չեմպիոնական մրցաշրջանի առաջին հատվածում, երբ թիմի հիմնական աջ պաշտպան Գեորգի Պաշովը հանգստի կարիք ուներ: Դանիելյանը ոչ միայն փոխարինեց բուլղարացուն, երբ վերջինս եվրագաթավային ամառվանից հետո լավագույն մարզավիճակում չէր, այլև կարողացավ հետագայում փակել աջ պաշտպանի դիրքը նաև Պաշովի հեռանալուց հետո: Մի փոքր զիջեց դիրքերը առաջնության վերջնամասում, սակայն, ընդհանուր առմամբ, նրա ներդրումը թիմի չեմպիոնության մեջ շատ մեծ էր:

3. Սերգեյ Վակուլենկո («Արարատ-Արմենիա») — Թեև թիմին միացավ մրցաշրջանի կեսից, բայց մեծ դեր ունեցավ չեմպիոնական մրցաշրջանում: Վակուլենկոն կարողացավ արագորեն պահեստայինների նստարան «ուղարկել» թիմի ավագ Գուզին, գերազանց դրսևորեց իրեն պաշտպանությունում, բացի այդ 3 կարևոր գոլերի հեղինակ դարձավ առաջնության վերսկսումից հետո: Իսկ տուգանայինից նրա ուժգին հարվածները դեռ շատ անախորժություններ կարող են պատճառել մրցակիցներին առաջիկայում:

4. Միխայիլ Կովալենկո (Նոա) — Ունիվերսալ եզրային պաշտպանը դարձավ «Նոայի» հաջող մրցաշրջանի սյուներից մեկը: Իրեն գերազանց դրսևորեց ձախ պաշտպանի դիրքում, բայց հարկ եղած դեպքում փակում էր նաև կենտրոնական պաշտպանի դիրքը, իսկ գավաթային եզրափակչում մարզիչները ստիպված նրան փոխադրեցին աջ եզր, որտեղ ձախողված առաջին կեսից հետո Կովալենկոն ոչ միայն կարողացավ հիանալի հանդիպում անցկացնել, այլև իր խփած գոլով օգնեց թիմին նվաճել գավաթը:

5. Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ») — Կայունություն. գլխավոր բառը, որով կարելի է բնութագրել Արտակ Գրիգորյանի խաղը: «Ալաշկերտի» ավագն ինքն արդեն քանի տարի է աչքի է ընկնում կայուն խաղով, նաև կայունություն է հաղորդում իր թիմի գործողություններին:

6. Կոջո Ալֆոնս («Արարատ-Արմենիա») — Դեռևս եվրագավաթների ժամանակ շատ էր զգացվում Կոջոյի դերը թիմի պաշտպանողական գործողություններում: Հայաստանի առաջնությունում ևս իվուարցու աշխատանքը մեծ ծավալ էր կազմում, Կոջոն «Արարատ-Արմենիայի» թիկունքի գլխավոր պահապաններից էր: Առաջնության վերջնամասում մի փոքր կարգապահության խնդիրներ եղան (երկու կարմիր քարտ՝ վերջին երկու խաղում), բայց դա չէր կարող ստվեր գցել հիանալի մրցաշրջանի վրա:

7. Մաքսիմ Մայրովիչ («Նոա») — Մ17 Եվրոպայի 2013թ.-ի չեմպիոնի կարիերան «Նոայում» վերակենդանացավ: Մայրովիչը «տապան մտավ»՝ որպես մի ֆուտբոլիստ, ով ժամանակին մեծ ներուժ ուներ, սակայն ոչ մի ձև չէր կարողանում այն օգտագործել: «Նոայում» ռուս ֆուտբոլիստը փայլեց՝ դառնալով 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ, բայց վիճակագրությունից բացի շատ ավելի նշանակալի էր նրա ազդեցությունը թիմի հարձակողական գործողությունների վրա: Մայրովիչը պարզապես կենտրոնական հարձակվող չէ, նրա ունիվերսալությունը դարձրեց իրեն թիմի հարձակման առանցքային ֆուտբոլիստը:

8. Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ») — Բրազիլացին արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ հիանալի է դրսևորում իրեն Հայաստանի առաջնությունում: Մարմենտինին «Ալաշկերտի» անվիճելի առաջատարն է, որի գործողություններից շատ բան է կախված: Եզրային հարձակվողը ոչ միայն արդյունավետ է (11 գոլ), այլև շատ է օգնում հաջողության հասնել նաև թիմակիցներին (6 անգամ) և գոլ+պաս համակարգով առաջնությունում զիջում է միայն Մորի Կոնեին և Ջոնել Դեսիրեին:

9. Մաիլսոն Լիմա («Արարատ-Արմենիա») — Դժվար է ասել՝ որ տեղում կլիներ «Արարատ-Արմենիան» առաջնության աշնանային հատվածից հետո, եթե առջևի գծում իրեն գերազանց չդրսևորեր Մաիլսոն Լիման: Ձախ կիսապաշտպանը առաջնությունում իր 8 գոլերից 5-ը խփեց առաջին երկու շրջաններում, այդ գոլերի նշանակությունը բարձրացնում է այն, որ դրանց մեծ մասը հաղթական էին:

10.  Տիագո Գալվաո («Ալաշկերտ») — «Ալաշկերտի» մարզչական «անկայունությունը», միգուցե, թիմի վրա ավելի վատ ազդեցություն ունենար, եթե իրենց կայուն խաղով աչքի չընկնեին Գրիգորյանը, Մարմենտինին ու Տիագո Գալվաոն: Վերջինս դարձավ առաջնության ամեաարդյունավետ ֆուտբոլիստը՝ կատարած փոխանցումների քանակով (7)` դրան գումարելով նաև խփած 8 գնդակները:

11.  Մորի Կոնե («Շիրակ») — Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն (23 գոլ) չէր կարող չլիներ խորհդանշական հավաքականում: Կոնեն ցույց տվեց, թե ինչպես կարող է ուժեղ կենտրոնական հարձակվողը թիմին չեմպիոնության հավակնորդ դարձնել: Կոնեի մասին խոսում են իր խփած գոլերը, որոնք, հիմնականում, ոչ միայն շատ գեղեցիկ էին ստացվում, այլև մեծ քանակությամբ միավորների էին ապահովում գյումրեցիների համար:

Պահեստայիններ.

1.  Վսևոլոդ Երմակով («Շիրակ») — Երմակովը շատ կայուն մրցաշրջան անցկացրեց: Նա մասնակցեց առաջնության բոլոր հանդիպումներին՝ առանց փոխարինման, ընդ որում այդ ցուցանիշով Երմակովը միակն էր: 9 «չոր» հանդիպում, բազմաթիվ սեյվեր, որոնց օգնությամբ «Շիրակը» կարողանում էր միավորներ վաստակել:

2. Ջոնել Դեսիրե («Լոռի») — Վանաձորյան թիմի ավագը իսկական առաջատար է, և «Լոռիի» հիմնական շարժիչ ուժը: Ջոնելը դարձավ 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, ճիշտ է դրանց մեծ մասը բաժին ընկան «Երևանի» հետ տխրահռչակ խաղին:

3. Ժիրայր Մարգարյան («Շիրակ») — Երիտասարդ հայ եզրային պաշտպանը լավ մրցաշրջան անցկացրեց՝ ամրապնդվելով հիմնական կազմում ու նաև կարևոր գոլերի հեղինակ դառնալով «Արարատի» հետ խաղում

4. Դանու Սպատարու («Նոա») — Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստը «Նոային» միացավ մրցաշրջանի կեսից, բայց շատ արագ հարմարվեց թիմին ու սկսեց արդյունավետ խաղ ցուցադրել (3 գոլ, 2 ասիստ 13 խաղում): Եզրային հարձակվողը հատկապես վտանգավոր էր «Նոայի» մահացու արագ հակագրոհների ժամանակ:

7. Վլադիմիր Ազարով («Նոա») — Ազարովը Մայրովիչի հետ միասին դարձավ «Նոայի» հարձակման գծի առաջատարը: 8 գոլ, 4 արդյունավետ փոխանցում և մեծ դերակատարում թիմի հարձակողական գործողություններում:

6. Յուսուֆ Օտուբանջո («Արարատ-Արմենիա») — Նիգերիացի հարձակվողը միացավ Մինասյանի թիմին հունվարին, բայց կարողացավ կատարելապես լուծել թիմի հարձակման գծի խնդիրները: Կոբյալկոն ու Օգանան շատ անկայուն էին, իսկ Օտուբանջոյի գալուց հետո չեմպիոնի հարձակման գիծը նորից անչափ վտանգավոր դարձավ: 13 խաղում խփած 7 գոլերը մեծապես նպաստեցին «Արարատ-Արմենիայի» չեմպիոնությանը:

7. Էդգար Մալաքյան («Շիրակ») — Մալաքյանը փայլուն մրցաշրջան անցկացրեց՝ դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ: «Շիրակի» գրոհները հատկապես մեծ վտանգ էին պարունակում ձախ եզրից, որտեղ հանդես էր գալիս հենց Մալաքյանը:

 

©2020 Armenian Soccer/Edgar Petrosyan