Այսօր ` մարտի 31-ին մեկնարկեց Հայաստանի պրեմիեր լիգայի 25-րդ տուրը։
Ընթացիկ մրցափուլի առաջին խաղում «Արարատը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Լեռնային Արցախին»:
Խաղն ավարտվեց 2:0 հաշվով ` տանտերերի հաղթանակով։
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասներն ու ընդմիջման գնացին ցուցատախտակին թողնելով զրոներ։
Արդեն երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին երևանյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ։ Հյուրերի դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանը փորձեց հեռացնել գնդակը, սակայն անհաջող խաղի արդյունքում գնդակը դիպավ Ալեքսանդր Գլիշիչին և անդրադարձավ դեպի դարպասը` 1:0: Այսպիսով սերբ հարձակվող բացեց իր գոլերի հաշիվն «Արարատում»:
Տանտերերի առավելությունը կրկնապատկվեց 83-րդ րոպեին։ «Արարատի» երիտասարդ հարձակվող Ռազմիկ Հակոբյանը կրկին աչքի ընկավ իրեն հատուկ ձևով, որն է ` գոլի հեղինակ դառնալ խաղի վերջին րոպեներին։ Այս անգամ նա անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Լարված խաղի արդյունքում խաղի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Լեռնային Արցախի» դարպասապահը։ Վերջինս հաջորդ հանդիպումը բաց կթողնի։
«Արարատը» տևական դադարից հետո հաղթանակ տոնեց, որն այս տարի առաջինն էր։ Երևանյան թիմը վաստակելով 25 միավոր, շրջանցեց «Շիրակին» և բարձրացավ 6-րդ տեղ։
«Լեռնային Արցախը» կրեց գարնանային փուլի 5-րդ անընդմեջ պարտությունը և 21 միավորով շարունակում է մնալ 8-րդ տեղում։
© Armenian Soccer 2023