Armenian Soccer
Armenian Soccer

Պողոս Գալստյան. « Անխելք և անուղեղ մարդկանց հետ ես գործ ունենալ չեմ ուզում»

Ի պատասխան մամուլում շրջանառվող խոսակցություններին՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Այսօր  ծանոթացա «Փյունիկի» սեփականատիրոջ կողմից ինձ ուղղված ֆեյսբուքյան գրառմանը. ուզում եմ հստակ ասել, որ անխելք և անուղեղ մարդկանց հետ ես գործ ունենալ չեմ ուզում:
Երկար ժամանակ է արդեն «Փյունիկ» ակումբի սեփականատերը վարկաբեկում է մեր ակումբը և փորձում խեղաթյուրել մեր կարճ, բայց հաղթանակներով լի պատմությունը: Միգուցե պատճառն այն է, որ մեր ակումբի ստեղծման օրվանից ի վեր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում միայն պարտություններ և ձախողումներ են գրանցվում:
Այսօր այդ մարդն անցավ բոլոր սահմանները՝ վիրավորելով իմ անձը և իմ շուրջ 50 տարվա ֆուտբոլային փորձը: Հորդորում եմ նրան կրկին կարդալ և վերհիշել իմ անցած ճանապարհը, գրանցած հաջողությունները և պատմական հաղթանակները: Իմ կարիերայի ընթացքում ես հաջողություններ եմ գրանցել և՛ որպես ֆուտբոլիստ՝ հանդես գալով լեգենդար «Արարատի» կազմում, և՛ որպես ղեկավար՝ ինչպես Ռուսաստանի բարձրագույն խմբի, այնպես էլ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում:
Մեր ակումբի հաջողություններն ու «Փյունիկի» ձախողումներն ուղղակի կուրացրել են այդ մարդուն:
Արդեն բազմիցս հանդես եմ եկել նմանատիպ հորդորներով, բայց կրկին կոչ եմ անում «Փյունիկ» ակումբի սեփականատիրոջը զբաղվել միայն իր ակումբի աշխատանքով. վիրավորանքներ եւ անհիմն մեղադրանքներ տարածելու փոխարեն լավ կլինի զբաղվել սեփական գործով: Խորհուրդ եմ տալիս սեփական անհաջողություններում այլ մեղավորներ չփնտրել և վերջ տալ էժանագին վարքագծի դրսևորմանը:
Սրտանց ցանկանում եմ «Փյունիկի» սեփականատիրոջն իմ անցած ֆուտբոլային ուղու գոնե մեկ տոկոսն անցնել, և միայն դրանից հետո իրեն իրավունք վերապահել որևէ գնահատականներ հնչեցնել իմ կատարած աշխատանքին»:
©2021 Armenian Soccer