Armenian Soccer
Armenian Soccer

«Գանձասարն» ու «Լեռնային Արցախը» Ազգային արտոնագրեր չստացան

FFA

Ապրիլի 1-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 թթ. մրցաշրջանի մասնակից 8 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Նորավանք» և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 թթ. առաջնությունում հանդես եկող 3 ակումբների՝ «Շիրակ», «Լեռնային Արցախ» և «Գանձասար» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 թթ. մրցաշրջանին:

Ըստ ՀՖՖ պաշտոնական կայքի՝ արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 8-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Վան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ» և «Նորավանք ՍԱ»:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 18-ով և Հոդված 46-ով սահմանված պահանջները:

Կոմիտեն նաև որոշեց մերժել «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 17-ի պահանջները:

«Գանձասար ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրման դիմումի մերժման արդյունքում վերոնշյալ ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 թթ. մրցաշրջանին: Ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտե:

Հաշվի առնելով ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանի միջնորդությունն առ այն, որ ակումբը բավարարում է արտոնագրման բոլոր չափանիշների պահանջները, այդ թվում՝ ենթակառուցվածքային չափանիշի պահանջները, ինչպես նաև ուսումնասիրելով ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 27-ի բավարարման վերաբերյալ «Շիրակ ՖԱ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց հետաձգել Շիրակ ՖԱ-ին Ազգային արտոնագրի շնորհման/մերժման վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը և պարտավորեցնել ՀՖՖ Արտոնագրման բաժնին և Շիրակ ՖԱ ՀԿ-ին կատարել որոշումով ամրագրված հանձնարարականները։ Լրացուցիչ նիստը նշանակվեց ս․թ․ ապրիլի 15-ին։ Որոշման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Ազգային արտոնագրի շնորհման կամ մերժման որոշում կայացնելու համարԿոմիտեն բավարար չի համարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 27-ի բավարարման վերաբերյալ փորձագետների, արտոնագրման բաժնի և ակումբի կողմից տրամադրված տեղեկատվությունը:

 

©2022 Armenian Soccer