Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․«ԵԹԵ ԱՄԵՆ ՈՔ ՄՏԱԾԻ, ՈՐ ՀԵՆՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆ ՈՒ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ, ԱՊԱ ԼԱՎ ԿԼԻՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ»

ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի«Ուրարտու-2»-ը Ռոբերտ Արզումանյանի համար առաջին թիմն է, որտեղ նա գործում է որպես գլխավոր մարզիչ։ ՀՀ 1-ին    խմբի առաջնության մեկնարկային 4 տուրերից հետո «Ուրարտու-2»-ը տոնել է երեք հաղթանակ, բոլորն էլ կամային ու կրել ընդամենը 1 պարտություն։ Ակումբի մամուլի ծառայությունը զրուցել ենք Արզումանյանի հետ․
— Արդեն տևական ժամանակ է գլխավորում եք «Ուրարտու-2»-ը, տպավորություններն ինչպիսի՞նն են։
— Միայն դրականը կարող եմ ասել։ Կարևորն այն է, որ առաջընթաց է նկատվում, ինչպես թիմի խաղում, այնպես էլ ֆուտբոլիստների հմտություններում։ Ճիշտ է, մենք շատ աշխատանք ունենք կատարելու։ Ֆուտբոլը սխալների խաղ է, բոլորս էլ սխալներ թույլ տալիս ենք, բայց ամեն սխալ մենք վերլուծում ենք ու փորձում շտկել։ Այս ընթացքում կատարված աշխատանքները դրական եմ գնահատում։ Տղաները առաջ գնալու մեծ ցանկություն ունեն, իսկ դա ամենակարևորն է։
— Մրցաշրջանի մեկնարկից առաջ դուք նշել էիք, որ թիմում հիմնականում ընդգրկվել են ակադեմիայի ավագ տարիքի թիմի ֆուտբոլիստները ու Առաջին խմբում ադապտացիայի համար նրանցից ժամանակ կպահանջվի։ Ի՞նչ փուլում եք գտնվում հիմա։
— Ադապտացիայի գործընթացն իմ սպասածից ավելի արագ է ընթանում, ինչը բնականաբար ուրախալի է, բայց հասկանալի է, որ շատ գործոնների վրա պետք է աշխատենք։
— «Ուրարտու-2»-ի խաղերը վերջին շրջանում դարձել են կանխատեսելի։ Սկզբում գոլ եք բաց թողնում, հետո ոչ միայն հավասարեցնում եք հաշիվը, այլև կամային հաղթանակ տոնում։ Ինչո՞ւ։
— Այո, վերջին 3 խաղերը հենց նման սցենարով ընթացան։ Մենք փորձում ենք շտկել մեր սխալները ու հասկանալ, թե ինչու ենք առաջինը գոլ բաց թողնում։ Վերլուծելով «Շիրակ-2»-ի և «Արարատ-Արմենիա-2»-ի հետ խաղերը հասկանում ենք, որ ունեցել ենք շատ մեծ առավելություն, գերազանցել ենք վիճակագրական մի շարք ցուցանիշներով։ «Նորավանքի» հետ խաղը հավասար պայքարում անցավ, դա հասկանալի է, քանի որ այն ավելի փորձառու ֆուտբոլիստներով համալրված թիմ էր։ Չնայած, որ այդ խաղում էլ առավելություն ունեինք։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի հնարավորինս քիչ գոլ բաց թողենք, բայց լավն այն է, որ տղաները ընդունած գոլից հետո խուճապի չեն մատնվում ու երկրորդ խաղակեսերում առավելություն ենք ունենում, դա խոսում է դրական կողմերի մասին։ Այսինքն ֆիզիկապես պատրաստ ենք, բնավորություն, կամք, ցանկություն ունենք, բայց պետք է շտկենք մեր սխալները, որովհետև ֆուտբոլում միշտ չէ, որ կարող ես փրկվել պարտությունից։
— Ինչպիսի՞նն է կապը գլխավոր թիմի հետ։
— Աշխատանքը նմանատիպ ակումբում առանձնահատուկ բնույթ ունի, նման ակումբներում առաջադրանքները լրիվ այլ են։ Ամեն պահի պետք է պատրաստ լինես, որ քո թիմից մի ֆուտբոլիստ պետք է միանա գլխավոր թիմին։ Ինչպես ասում են մեդալը երկու կողմ ունի, դա ինչ-որ տեղ դժվարացնում է մեր աշխատանք, բայց լավն այն է, որ տվյալ ֆուտբոլիստը մարզվում է գլխավոր թիմի հետ։ Մեր աշխատանքի բնույթն է այդպիսին, մենք հենց դրա համար էլ աշխատում ենք, որպեսզի ֆուտբոլիստներ մատակարարենք գլխավոր թիմին։ Հիմա էլ ունենք ֆուտբոլիստներ, որոնք իմ համոզմամբ մոտ ապագայում կլինեն գլխավոր թիմում։
— Նախկինում աշխատել եք, որպես մարզչի օգնական, հիմա աշխատում եք որպես գլխավոր մարզիչ, ո՞րն է տարբերությունը։
— Պատասխանատվությունն է մեծացել։ Նախկինում էլ բնականաբար այլ բաների համար եմ պատասխանատվություն կրել, զգացել եմ, որ իմ աշխատանքից շատ բան է կախված։ Եթե ամեն ոք մտածի որ իրենից է կախված արդյունքն ու առաջխաղացումը, ապա լավ կլինի ընդհանուր գործի համար։ Տարբերությունն այն է, որ մարզչի օգնականի կարգավիճակում դու կարող ես խորհուրդ տալ, կարծիք հայտնել, իսկ որոշում կայացնողը գլխավոր մարզիչն է։ Ճիշտ է, մենք ունենք մարզչական շտաբ ու միասին ենք քննարկում ամեն ինչ, սակայն նորից եմ կրկնում՝ որոշում կայացնողը գլխավոր մարզիչն է։ Հենց դրանում է կայանում ողջ տարբերությունը։

©2020 Armenian Soccer